«Եթե մեր աշխատավարձի պարտքերը տան, բոլորս միանգամից միլիոնատեր կդառնանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասացին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք այսօր ՀՀ կառավարության, ապա նախագահականի շենքի առաջ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով իրենց 12 ամսվա չվճարված աշխատավարձերը:
Նաիրիտցիների խոսքերով՝ իրենք ստիպված են 3-4 ամիսը մեկ այսպիսի ակցիաներ անել, որպեսզի գոնե մեկ ամսվա աշխատավարձ ստանան: «Որեւէ մեկին չի հետաքրքրում, թե մենք ինչպես ենք վճարում գազի, լույսի, ջրի վարձերը, էլ չենք ասում՝ ապրելու համար որքան պարտքեր ենք կուտակել»,- դժգոհեցին նրանք:
Ինչպես ակցիայի մասնակիցներն էին ասում, «Նաիրիտի» ղեկավարությունը աշխատակիցներին հորդորում է սպասել, մխիթարելով, թե իրենք էլ չեն ստանում իրենց աշխատավարձերը: «Իրենց աշխատավարձը միլիոններ են, իրենց մեկ ամսվա աշխատավարձով կարող են մի քանի ամիս ապրել, բա սովորական բանվո՞րը ոնց ապրի»,- ի պատասխան նրանց հորդորի հարցնում էին նաիրիտցիները,- «ինչի՞, վարչապետը, նախագահը չգիտե՞ն, որ այս վիճակն է, ամեն անգամ պիտի ցո՞ւյց անենք, որ աշխատավարձ տան»:
Նախագահականում ընդունեցին նաիրիտցիներից մի քանի հոգու եւ այս պահին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները լսում են նրանց բողոքը:
Կարդացեք նաև
Նաիրիտցիներն այս անգամ վճառական են տրամադրված, որոշել են վրան բերել եւ նախագահականի առաջ նստացույց անել այնքան ժամանակ, մինչեւ գործարանի ղեկավարությունն ու կառավարությունը չբավարարի իրենց պահանջը: Ցուցարարներին հսկում են տասնյակ թվով ոստիկաններ:
Տեսանյութն ու մանրամասները՝ շուտով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ