Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այս կապակցությամբ հայկական ավանդական պարի զարգացման խնդիրներից «Հենարան» ակումբում խոսեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Նա հայտնեց, որ տասնամյակներ ի վեր պոլիտեխնիկն անցկացնում է ազգագրական փառատոն, որտեղ ներկայացվում է հայկական ավանդական պարը. «Այս տարի փառատոնն անցկացվելու է 34-րդ անգամ, սակայն ոչ մի աջակից եւ հովանավոր չկա. ձայնային սարքավորումներ հայթայթելը լուրջ խնդիր է: Փառատոնն անտերության է մատնված: Այսօր երկրում ջիպերի տեղատարափ է, իսկ ինչ վերաբերում է մշակույթին՝ ամեն ինչ անհետանում է»:
Գագիկ Գինոսյանի խոսքով. «Եթերում ավանդական պար չկա: Օրինակ, այն յարխուշտան, որը եթերում է ցուցադրվում, աղերս չունի ավանդական մշակույթի հետ: Ժողովրդական պարերը սովետահայ ծագում ունեն, իսկ ավանդական պարն այն է, որը պարում էին մեր տատիկ-պապիկները` գյուղերում»:
Ազատամարտիկը նշեց, որ յուրաքանչյուր մշակույթ, լինի ժամանակակից, թե ավանդական, իր հիմքում ունի ազգային հոգեբանություն, առանց որի իրավունք չունի ապրելու: Գինոսյանը փաստեց, որ Հայաստանի սահմանամերձ տարածքներում չկան մշակութային կենտրոններ. «Եղածներն էլ այնպիսին են, որ մտնելուց կարող են փուլ գալ գլխիդ»:
Բանախոսը տեղեկացրեց, որ յոթ տարի է, ինչ «Կարինը» «Կասկադում» եւ «Նարեկացի» արվեստի միությունում իրականացնում է «Մեր պարերը եւ մենք» ծրագիրը` անցկացնելով պարերի բաց դաս. «Մեծամասամբ երիտասարդներ են մասնակցում, բացի այդ, «ֆեյսբուքյան» մեծ բանակ կա, որ հետաքրքրված է ավանդական պարերով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ