Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կասկածում է՝ արդյոք երեւանցիների՞ է Տարոն Մարգարյանը ծաղիկ է նվիրել

Ապրիլ 29,2013 12:52

Վաղը ՀՀ վարչական դատարանը որոշում կկայացնի՝ բավարարե՞լ «Բարև Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, թե՞ մերժել այն: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը դատարան էր դիմել՝ բողոքարկելով մի քանի օր առաջ ԿԸՀ-ի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման, ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից հարկատուների հաշվին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում: Մինչդեռ, Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ տեսանյութը առավել քան ապացուցում է՝ ծաղիկները բաժանվում են Տարոն Մարգարյանի կողմից եւ քարոզչության նպատակ ունեն:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ գոհ է դատական նիստերի ընթացքից. «Ինձ հաջողվեց քաղաքապետարանի ներկայացուցչի բերանից, կոպիտ ասած ,քաշել այն, որ միջոցառումը կազմակերպվել էր Տարոն Մարգարյանի հանձնարարականով: Ընդ որում, ես հարցրեցի՝ դա ամե՞ն տարվա համար է, պատասխանեց, որ ոչ, այս տարվա համար է եղել հանձնարարական: Ես հարցրեցի՝ երբ հանձնարարական է եղել, արդեն հայտնի՞ որ, որ Տարոն Մարգարյանը թեկնածու է՝նա պատասխանեց, որ դա եղել է միջոցառումից 7-10 օր առաջ, իսկ այդ ժամանակ Տարոն Մարգարյանը արդեն թեկնածու էր: Հիմնականում բերած փաստարկները ԿԸՀ-ի կողմից չէր հերքվում, բայց քաղաքապետարանի կողմից հայցը համարվում էր անհիմն եւ խնդրում էին այն մերժել»:

Դանիել Իոաննիսյանը նաեւ պատմեց, որ դատական նիստի ընթացքում կասկածի տակ են դրվել զարմանալի հանգամանքներ, օրինակ այն, որ ում ծաղիկ են տալիս, արդյոք Երեւանի՞ բնակիչներ են կամ Երեւանում ընտրական իրավունք ունեցող մարդիկ. «Ճիշտ է, ծաղիկ բաժանելուց մարդկանց անձնագրերը չէին ստուգում, բայց ենթադրվում է, որ Երեւանում զբոսնողների մեծամասնոթյունը Երեւանից պետք է լինի»,- ասաց «Բարեւ Երեւանի» ավագանու թեկնածուն:
Դատարանում դիտել են նաեւ այն տեսանյութը, որտեղ ծաղիկ բաժանողից հարցնում են՝ այդ ծաղիկները քաղաքապետարանի՞ց է, եւ վերջինս հերքում է՝ չէ, Տարոն Մարգարյանից է:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, դա շատ հստակ է, որ կատարվել է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի խախտում՝ թեկնածուի կողմից անվճար ապրանք բաժանելը. «ԿԸՀ-ն ընդունում է, որ ծաղիկն ապրանք է, որ տրվել է անհատույց, տեսանյութից երեւում է, որ տրվել է թեկնածուի անունից: Ես դատարանների մասին մեծ կարծիքի չեմ, բայց համենայնդեպս արդար վճռի ակնկալիք ունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930