– Պարոն Աբրահամյան, Ցեղասպանության տարելիցի 98-րդ տարին լրացավ. Ինչ տեղաշարժեր կան հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները Հայաստանի օրակարգից հանելու համար:
– Հատուկ Ձեզ համար մեկ անգամ եվս հիշեցնեմ, որ դա ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է:
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ կայացած այս երկխոսությամբ սկսվեց հերթական քառօրյան:
Հետո արդեն իր ելույթի ժամանակ՝ Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց, թե ինչքան վատ նշանակություն ունեն այդ արձանագրությունները Հայաստանի համար եւ եթե իբրեւ ԱԺ նախագահ ինքը ոչինչ չի կարող անել, ապա, որպես քաղաքական գործիչ կարող է ընդվզել, ընդհուպ, մինչեւ տարբեր բողոքի ակցիաներ, ցույցեր անել: «Տիկին Փոստանջյան, ընդունակ չե՞ք մի լավ բան խորհուրդ տալ ինձ»,- հակադարձեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունները խայտառակություն չէին եւ եթե դրանք իրավական վերջնական տեսք ստանային եւ կիրարկման փուլ մտնեին՝ դա հնարավորություն կընձեռեր զարգացնելու ՀՀ տնտեսությունը: Նա նկատեց, որ արձանագրությունների վավերացման ընթացքում Հայաստանն ակնկալում է առանց նախապայմանների սահմանի բացում, ինչը շատ ճիշտ մոտեցում է:
Կարդացեք նաև
Ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը նկատեց, որ այդ արձանագրությունները բացառիկ դեր ունեցան ՀՀ արտաքին վարկի կտրուկ բարձրացման եւ հզորացման գործում, ինչի վառ ապացույցն, ըստ նրա Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ նախագահ Սարգսյանի աննախադեպ կոշտ հայտարարությունն էր, որին հաջորդեցին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կիլիկիո տան կաթողիկոս Արամ Առաջինի կոշտ հայտարարությունները: Ըստ Գեղամյանի, դրանք հայ դատի եւ պահանջատիրության մեր վկայություններն են:
Այնուհետեւ ընդվզեցին ՀՅԴ խմբակցության պատգամավորները. Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ տնտեսական շահի հիմնավորումների մասին տեղեկանք կառավարությւոնը ցայսօր չի տրամադրել, չնայած, որ ՀՅԴ-ն դեռ այն ժամանակ էր դիմել: Իսկ Աղվան Վարդանյանն անդրադարձավ հարցի քաղաքական մասին, ասելով. «Բարձր, վստահ խոսելով՝ այդ նախապայմանները չեն վերանում»:
Այնուհետեւ արդեն նախորդ քառօրյայից մնացած հարցերի քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը «ձեռնպահ» է քվեարկելու կառավարության կողմից ներկայացված բոլոր նախագծերին, քանի որ ԲՀԿ-ի առաջարկները մշտապես անտեսվել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ