Այսօր «Հայելի» ակումբում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կարծիք հայտնեց, որ Սովետական միության համար ասում էին՝ լավ է կոռուպցիա, քան կոմունիզմ:
«Ես Գառնիկ Մարգարյանին հարգում եմ, բայց նա ինչպես գիտի՝ այնպես է անում, մեծ մարդ է, թոշակառու: Դա ազդանշան է, բայց պետական ունեցվածքն արդեն բաշխված է: Կոռուպցիայի փուլն ավարտվեց, սկսում է նոր փուլ, բայց սա հակակոռուպցիոն է, թեկուզ նրանով, որ չեկիստական գնդապետը գրում է այդ մասին: Արդեն հակակոռուպցիոն կոմպանիան հասել է մեզ: Հայաստանի իշխանությունները հետաքրքիր որոշումներ են ընդունել, թիրախի եւ հարձակվողի մեջ անմիջական շփումը հանվում է, եւ մենք արդեն այդ հակակոռուպցիոն ծրագրերի մեջ ենք»,-նշեց Արշակյանը՝ շարունակելով, թե մեզ մրցակցային կոռուպցիա է սպասվում, բացի այդ` դա վերջնականապես վերացնելն անհնար է, սակայն ազատականացում է սպասվում. «Նախկին չեկիստներն առանց արյան չեն պատկերացնում այս հարցերի լուծումը»,-նշեց նա:
Արշակյանը գտնում է` կան գլոբալ խնդիրներ`«Եթե մեր գործընկերներն արտասահմանում կոռումպացված են, ապա այդ իմաստով մեր բախտը բերել է, քանի որ ռուսաց թագավորը եւս հայտարարեց, որ պայքարելու է կոռուպցայի դեմ: Եթե եղել է հանցագործություն, ապա դա վաղեմության ժամկետ չպետք է ունենա: Եթե իշխանության քաղաքական կամքը կա, որ հարկավոր է այդ չարիքի դեմ պայքարել, ապա ճիշտ է պետք չէ գնդակահարություններ հնարել, գոյություն ունեն հին փորձված ձեւեր, դրանք հկ-ներն են եւ լրագրողները, մամուլի խոսնակները պետք է լինեն կոռուպցիայի մասին բարձրաձայնողները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ