Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը դժգոհեց, բայց չնշեց՝ որ կուսակցությանն են ծառայում «թաղային իշխանիկները» (ձայնագրություն)

Ապրիլ 29,2013 12:28

Նախօրեին ՀԱԿ ավագանու թեկնածու Արման Մուսինյանն ասել էր, որ ընտրացուցակների  վերաբերյալ իրենց ուսումնասիրությունը  ցույց է տալիս, որ հազարից ավելի քաղաքացիներ, որոնք փետրվարի 18-ի ընտրություններում հաշվառված էին մարզերում, հիմա հաշվառվել են Երեւանում:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չհամաձայնեց պարոն Մուսինյանի պնդումների հետ ու օրինակ բերեց իրենց ուսումնասիրությունը:

«Ընտրացուցակները չեն աճել: Ընդդիմադիր ուժերը գուցե իրենց ստուգման մեթոդներն ունեն, չգիտեմ: Բոլոր տեղերում մեր քարոզչական նյութերը բաժանում ենք տեղամասի բնակիչների եւ շենքերի ցուցակների հիման վրա: Այդպես չէ՝ ցուցակներում ընտանիքները չեն աճել, բայց կան լիքը փակ դռներ: Այ, հետեւելու ենք ու անպայման հայտարարություն ենք անելու, եթե որեւէ փակ դռան փոխարեն ընտրություն լինի տեղամասում: Եթե նկատենք, որ բնակիչն այստեղ չէ, երկրում չէ,  դուռը փակ է, բայց նրա փոխարեն ընտրություն է գրանցվել»,- Aravot.am-ին ասաց տիկին Բիշարյանը:

Ընտրակաշառք բաժանելու մասին լուրեր տիկին Բիշարյանին էլ են հասել, բայց դեռ չի մտահոգել, որովհետեւ. «Ինչ-որ տարբեր թաղամասերում խոսում են այն մասին, որ համատիրությունների նախագահները փորձում են անձնագրերի պատճեններ հավաքել, ցուցակագրել ընտրակաշառք բաժանելու համար: Սրանք դեռ խոսակցություններ են, փաստացի նման դեպքերի չենք հանդիպել, բայց կոչ ենք արել բնակիչներին չենթարկվեն նման ցուցակների: Չնայած, արդեն ակնհայտ է՝ ընտրակաշառքն այսօր էլ չի ազդում բնակիչների վրա, նրանք սիրով վերցնում, բայց սիրով ընտրում են նրան, ում ուզում են: Նա, ով ավելորդ փող ունի, հարկեր չի վճարում, ով ինչ-ինչ ճանապարհներով փող է կուտակել եւ բաժանում է ժողովրդին, թող ժողովուրդը կամ ոչ ասի, կամ էլ եթե գայթակղվում է, թող իր որոշումը ճիշտ  իրականացնի»:

Տիկին Բիշարյանը, անդրադառնալով վերջին օրերին պաշտոնյաների ու թաղային հեղինակությունների կողմից լրագրողների, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտելուն ու բռնությունների կիրառմանը, ասաց. «Այն, որ ասում են՝ կան բռնաճնշումներ, սրա նրա վրա հարձակում, պետք է ասեմ՝ մի քիչ չափազանցված է, կոնկրետ դեպք է եղել, դրա մասին չեմ կարող բան ասել: Բայց այնպես չէ, որ ինչ-որ մեկին ճնշում են, որ այս կամ այն կուսակցության անդամ են… Կան թաղային հեղինակություններ, որոնք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու խնդիր ունեն ու հա ասում են՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, էս թաղն իմն է, էս պադեզդն իմն է, սա կա ու բոլորի նկատմամբ էլ կա:  Բայց այդպիսիներին կուզենանք արագ արձագանքեն եւ ում  հետ պատահում է նման բան,  լրատվամիջոցները թող գնան, նկարահանեն ու խայտառակեն եւ նրանցից պահանջեն՝ ինչու են մարդկանց իրավունքները սահմանափակում: Այո՛, կան թաղային իշխանիկներ, որոնք ուզում են նման քայլեր անել եւ իրենց տվյալ տարածքի բնակիչներին լարում են իրենց դեմ ու հակառակն են անում»:

Մեր հարցին, կուսակցական պատկանելություն ունե՞ն ձեր նշած թաղային իշխանիկները եւ ինչի՞ են նման քայլեր անում, տիկին Բիշարյանն ասաց՝ սադրիչ հարց ես տալիս:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/89973416″ iframe=”true” /]

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930