Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որը նախագահական ընտրությունների ժամանակ սատարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, Երեւանի ավագանում ընտրություններում «Բարեւ Երեւանի» ցուցակում ներկայացուցիչ չունի:
Ի դեպ, ՀԱՍԿ-ը, ավագանու ընտրություններում, չի սատարում «Բարեւ Երեւանին»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: «Մենք խուսափում ենք տարբեր գաղափարախոսություն ունեցող դաշինքներին մասնակցելուց»,-պատճառաբանեց պարոն Շահվերդյանը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում չի բացառվում, որ իրենց համակիրներին ուղղորդեն` գաղափարակից որեւէ ուժի օտգին քվեարկելու համար: «Եթե տեսնենք, որ կա որեւէ ուժ, որն իսկապես լիարժեք պայքարում է եւ ձգտում է տեր կանգնել իր ստացած ձայներին ու կարիքն ունի մեր օգնության՝ մենք կցուցաբերենք այդ օգնությունը»,- ասաց Մովսես Շահվերդյանը:
Հարցին` ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից որեւէ մեկը չի՞ բավարարում իրենց չափանիշներին, պատասխանեց. «Ավագանու ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը բավականին լուրջ վիճակում են հայտնվել եւ մենք չենք ցանկանում նման տարբերակումներ դնել: Պարզապես բոլոր ընդդիմադիր ուժերին այս ընտրություններում հաջողություն ենք ցանկանում: Իսկ մեր սատարել-չսատարելը միայն կոնկրետ պայմանավորվածությունների արդյունքը կարող է լինել, չենք ցանկանում վերացական հայտարարություններ անել»:
Մեր զրուցակիցը պատրանքներ չունի, որ ավագանու առաջիկա ընտրություններն իրենց որակով տարբերվելու են մնացյալ ընտրություններից` ընտրակեղծիքների բոլոր մեխանիզմները նորից գործի են դրվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ