Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ապրիլի 26-ից վերսկսվել է Վահան Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը:
Մարիամ Փափազյանը նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:1990 թվականի հուլիսի 26-ին, ժամը 20.45-ի սահմաններում Հրազդանի կիրճում «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից սպանվեց Մարիամ Փափազյանի ամուսինը, երեք անչափահաս երեխաների հայր Խաչիկ Սերդինյանը:
Խաչիկ Սերդինյանը Հրաչ Կարապետյանի ավտոմեքենայով նշված օրն անցել է կիրճով, ուր իր ավտոմեքենայով երթեւեկելիս է եղել նաեւ Վահան Ստեփանյանը:Վերջինն իր վարած ավտոմեքենայով հարվածում է Հրաչ Կարապետյանի ավտոմեքենային, ապա իջնելով ավտոմեքենայից, իր մոտ գտնվող ատրճանակով կրակում է Խաչիկի եւ Հրաչի ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկատվության, ութ կրակոցներից վեցը դիպչում է Խաչիկի ոտքերին, երկուսը` կրծավանդակին:Խաչիկը տեղում մահանում է, իսկ Հրաչը տեղափոխվում է հիվանդանոց: Մարդասպանը թողնում է տուժողներին եւ դիմում փախուստի:
Նա մինչ վերջերս գտնվում էր հանրապետությունից դուրս եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Կարդացեք նաև
Այս տարվա մարտի 26-ին «Ինտերպոլի» միջոցով Վահան Ստեփանյանը հայտնաբերվում է եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Քսաներեք տարի արցունքն աչքերիս մտածել եմ, թե հնարավո՞ր է, որ հանցագործը ձերբակալվի, ստանա իր արժանի պատիժը»,- մեր զրույցի ժամանակ ասում է Մարիամ Փափազյանը:Նա նամակներով դիմել է ՀՀ ոստիկանապետին, Երեւան քաղաքի դատախազին, վարույթն իրականացնող մարմնին, քանի որ ինչպես նա է ասում՝ մտավախություն ունի, թե Երեւանում ունենալով մեծ շրջապատ, հնարավոր է վաղեմության ժամկետից ելնելով, Ստեփանյանին ազատ արձակեն, դադարեցնեն քրեական հետապնդումը մեկի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք կրելու համար:
«Վահան Ստեփանյանի կողմից ամուսնուս սպանելուց հետո ես ընկել եմ բարոյական, նյութական ծանր վիճակի մեջ, միայնակ մեծացրել երեխաններիս: Մի՞թե արդարադատությունը կհովանավորի մարդասպանին, որը խլել է երիտասարդ մարդու կյանք, որբացրել երեխաների»,- հարցնում է Մարիամ Փափազյանը:
Ի դեպ, նա ոստիկանապետից խնդրել էր իր հսկողության տակ վերցնել սույն գործով նախաքննությունը, հանցագործին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի կատարվի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն:
Տուժողի իրավահաջորդն ակնկալում է նաեւ իր իրավունքների պաշտպանություն եւ հարգում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ