ԱԺ ՀՅԴ պատգամավոր, ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը օրեր առաջ «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ վստահեցրել էր, որ ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքները, թե անձնականացնում են խնդիրները, քննադատում, իրականությանը չեն համապատասխանում. «Մենք բերում ենք փաստեր եւ իրականություն, եթե կարող են թող պատասխանեն»:
Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ կասի ՀՅԴ նախընտրական շտաբի հայտարարության մասին, որով քննադատում էին «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի facebook-յան գրառումը, համարում այն պատվիրված:
«Այդ տեքստը իմաստավոր տեքստ էր: Այնտեղ ասվում էր՝ չի կարելի ընդդիմադիր դաշտում պառակտումների փորձեր անել: Մի քիչ թաքնված , բայց փորձել հարվածել ընդդիմադիր կուսակցությանը: Իսկ Ստյոպային նուրբ անվանելն էլ վիրավորանք չէր, լինում են նուրբ աղջիկներ եւ նուրբ տղաներ, պարոն Սաֆարյանը նուրբ տղա է, նուրբ լարերից կախված»,- Aravot.am-ին ասաց պարոն Վարդանյանը:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կհաջողվի ընդդիմադիր ուժերին ավագանու ընտրություններից հետո իրականացնել միավորման իրենց ծրագիրը, եթե նախընտրական փուլում հենց ընդդիմադիր ուժերն են փոխադարձ վիրավորանքներ ու քննադատություն տարածում. «Համաձայն չեմ ձեր գնահատականների հետ: Որոշ նման դրսեւորումներ լինում են ընդդիմադիր դաշտում, այո՛, բայց որ հիմնականում այդպես է՝ ոչ: Ընդդիմադիր ուժերը հիմնականում քննադատում են առաջին հերթին իշխող, կոաալիցիայի անդամ կուսակցություններին, առաջին հերթին՝ ՀՀԿ-ին եւ նրանց քաղաքականությունը: Մյուսներն շատ ավելի մասնակի դեպքեր են, եւ դա վստահ եմ չի խոչընդոտի միավորմանը: Քանի որ առանձին-առանձին մասնակցելով՝ 4 ընդդիմադիր կուսակցությունները կհավաքեն շատ ավելի ձայներ, քան իշխող կուսակցությունները, այդ դեպքում անհասկանալի կլինի, եթե չմիավորվեն ընդդիմադիրները: Ով որ չմիավորվեց ու ինչ-ինչ պատճառաբանություններ բերեց, շատ ակնհայտ կդառնա՝ ով ինչ խաղ է խաղում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀԿ-ականների քննադատությանը, թե այդ ում դեմ է պայքարում ընդդիմությունը, ի՞նչ է նշանակում գրավել Երեւանի իշխանությունը, մենք դեմ ենք ՀՀԿ-ին հայտարարությունները, պարոն Վարդանյանն ասաց. «Մենք ոչ մի բան չենք գրավում: Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ միշտ հայտարարել ենք՝ մեր երկրում թշնամիներ չունենք: Ե՛վ ընդդիմությունը ե՛ւ իշխանությունը նույն համակարգում պետք է գործեն եւ լրացնեն ու վերահսկեն միմյանց: Եթե Երեւանի իշխանությունը անցնի ընդդիմությանը, առաջին հերթին՝ Դաշնակցությանը, սա կբերի մրցակցություն, արդյունավետ աշխատանք եւ առաջընթաց: Երբ որ մի քաղաքական ուժ տիրապետում է ամբողջ իշխանությանը, բերում է լճացման, վատ հետեւաննքերի, եւ դրա ականատեսն ենք բոլորս վերջին տարիներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ