«Այս մրցանակաբաշխությունն այսօր անհրաժեշտություն էր Հայաստանի համար: Եթե մի քանի տարի առաջ մտածում էինք, որ Հայաստանում կարող է մեկ-երկու ֆիլմ նկարահանվել, ապա այսօր տասնյակներով նկարահանվում են և չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր կարևորում են կինոն, անթույլատրելի է: Մենք փորձում ենք ի մի բերել համայն հայության կինոգործիչների աշխատանքները: «ՀԱՅԱԿ»-ն ինձ համար այս մարդկանց ժպիտներն են, այս մարդկանց ոգևորությունն է, և այս ամենը ինձ համար լրիվ բավարար է, որպեսզի ասեմ, որ այն կայացել է»,-այս մասին այսօր «ՀԱՅԱԿ-2013» ազգային մրցանակաբաշխության ընթացքում ասաց «ՀԱՅԱԿ» մրցանակաբաշխության նախագահ, Հայ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանաբաշխությանը ներկայացված էր 15 մրցանակ, որոնք հանձնվեցին տերերին:
«Լավագույն դեբյուտ» մրցանակին արժանացավ Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամուսնուս, որ վստահեց և սատար կանգնեց ֆիլմի ստեղծման գործում, քանի որ այն շատ սեղմ ժամկետներում է նկարահանվել»,-ասաց Մարինե Զաքարյանը:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» ճանաչվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19»: «Ես երկար ժամանակ է՝ Հայաստանում չեմ ապրում, բայց ստեղծագործում եմ Հայաստանում և ինձ համար շատ կարևոր է այս մրցանակը, որի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց Թամարա Ստեփանյանը:
Կարդացեք նաև
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց «Եթե բոլորը» ֆիլմի դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:«Խորին շնորհակալություն եմ հայտնում ժյուրիի անձնակազմին, ինչպես նաև Թերեզա Վարժապետյանին և Վահագն Հայրապետյանին առաջարկելու` ֆիլմում խաղալու համար»,-մրցանակը ստանալով՝ ասաց Ժենյա Մկրտումյանը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Խորեն Լևոնյանը «Գարեգին Նժդեհ» ֆիլմում դերակատարության համար: «Իմ կարծիքով այդ ֆիլմը լավագույններից մեկն է և ոչ միայն իմ կարծիքով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրաչ Քեշիշյանին: Շնորհակալ եմ»,-ասաց Խորեն Լևոնյանը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ձայն լռության» ֆիլմի դերակատար Մարիամ Դավթյանը: «Դժվար է անցնել այս ճանապարհը և երկու քայլ անել: Այն մարդը, ով վստահեց, որ ես մարմնավորեմ Ջիջեյի կերպարը, որի համար շնորհակալ եմ Վիգեն Չալդրանյանին: Սա մեր բոլորի հաղթանակն է: Շնորհակալ եմ»,-հուզմունքով ասաց Մարիամ Դավթյանը:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դերասան Շանթ Հովհաննիսյանը: «Շատ շնորհակալ եմ այս գեղեցիկ մրցանակաբաշխության համար, աշխատակազմից, իմ ընտանիքից և ժյուրիի անձնակազմից: Այն հպարտ է հնչում «ՀԱՅԱԿ»,-ասաց «Լավագույն դերասան» ֆիլմում երիտասարդ Նժդեհին մարմնավորած Շանթ Հովհաննիսյանը:
«Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանանացավ Արմեն Ղազարյանը` «Թափառում» ֆիլմի համար: «Շատ շնորհակալ եմ մրցանակի համար: Իրականում «Թափառում» ֆիլմը շատ սպեցիֆիկ էր: Շատ շնորհակալ եմ մրցանակի համար»,-ասաց Արմեն Ղազարյանը:
«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահագն Հայրապետյանը` «Եթե բոլորը» : «Դժվար է մեկ շաբաթում երկու մրցանակ ստանալը, այն էլ մի քանի օրվա տարբերությամբ: Ինձ համար շատ պատասխանատու գործընթաց էր «Եթե բոլորը» ֆիլմի համար երաժշտություն գրելը: Ամենապատասխանատու մրցանակը սա է: Սա է քո հողը և քո հողն է քեզ առաջ տանելու»,-Վահագն Հայրապետյան:
«Լավագույն օպերատոր» մրցանակին արժանացավ Մկրտիչ Մալխասյանը: «Կրկին շնորհակալ եմ Հրաչ Քեշիշյանին, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման աշխատանքները վստահեց ինձ և շատ շնորհակալ եմ նաև ժյուրիի անձնակազմից»,-իր շնորհակալական խոսքում ասաց Մկրտիչ Մալխասյանը:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Թերեզա Վարդապետյանը և Միքայել Պողոսյանը «Եթե բոլորը» ֆիլմի համար: «Մեծ պատիվ է մրցանակ ստանալ հայրենի հողում, այն էլ այսպիսի: Ֆիլմը բարձր պահեց իր վարկանիշը միջազգային մրցույթներում: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են ֆիլմի կայացման համար»,- ասաց Միքայել Պողոսյան:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հարություն Խաչատրյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: «Հայկական կինոն առաջիկա տարիներին իր տեղը և ձևը պետք է ցույց տա աշխարհին: Ես և Վիգենը Չալդրանյան բազմիցս մրցանակ ստացել ենք, որպես լավագույն ռեժիսոր և ես ցանկանում եմ այս մրցանակը տալ ամենաերիտասարդ ռեժիսորին` Մարիամ Սահակյանին»,-ասաց Խաչատրյանը և մրցանակը փոխանցեց Մարիամ Սահակյանին: «Այս մրցանակը ինձ չի պատկանում, բայց ուրախ եմ և շատ լավ է: Շնորհակալ եմ»,-ասաց Մարիամ Սահակյանը:
«Լավագույն անիմացիա ֆիլմ ճանաչվեց Նաիրա Մուրադյանի «Բալլետ>> ֆիլմը: «Շատ ուրախ եմ, որովհետև այս ֆիլմը երեք տարի տանջել է ինձ: Եվ, երբ արդեն ավարտել էինք ֆիլմը, հինգ անգամ նայել եմ: Շնորհակալ եմ»,-Նաիրա Մուրադյան:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» ճանաչվեց Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը: «Շատ շնորհակալ եմ այսօր այս դահլիճում գտնվելու համար: Շնորհակալ եմ կազմակերպիչների և մրցանակի համար»,-ասաց ՌԴ վաստակավոր արտիստ Կարեն Շահնազարովը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: «Այս մրցանակը ոչ մեկի չեմ տա: Շնորհակալ եմ բոլորից: Սա շատ գեղեցիկ կինոյի տոն է» ,- ասաց Հարություն Խաչատրյան:
Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանակաբաշխության ժամանակ տրվեց ևս երկու մրցանակ: Առաջին մրցանակը շնորհվեց Արմեն Ջիգարխանյանին` հայ կինոյում ներդրած ավանդի համար. «Մինչև երեկ մեզ հայտնի էր, որ Ջիգարխանյանը պետք է գար, սակայն երեկ պարզ դարձավ, որ մասնակցել չի կարող, որի համար հայցեց մեր բոլորի ներողամտությունը»,-ասաց Գևորգյանը: Մրցանակը հանձնվեց Ջիգարխանյանի եղբորը՝ այն դերասանին փոխանցելու համար:
Երկրորդ մրցանակը շնորհվեց Ներսես Հովհաննիսյանին, կրկին հայ կինոյում ներդրած ավանդի համար: Ներսես Հովհաննիսյանը ևս մրցանակաբաշխությանը ներկա գտնվել չկարողացավ առողջական խնդիրների պատճառով: Վերջինիս բժիշկները արգելել էին ինքնաթիռ նստել: Մրցանակը ստացավ Երվանդ Ղազանչյանը, ով կփոխանցի այն Ներսես Հովհաննիսյանին:
Եվ վերջապես «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Այդ ես չեմ» ֆիլմը, ռեժիսոր` Մարիա Սահակյան:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ