Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինություն, թե՞անպատիժ կամայականություն

Ապրիլ 28,2013 23:52

Ցանկացած կայացած և քաղաքակիրթ երկրում պաշտոնի ստանձնումը անմիջականորեն առընչվում է պարտականությունների կատարման և թերանալու, ինչպես նաև խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն կրելու հետ: 

Ակնհայտ է, որ կատարվածի համար հաշվետու չլինելու և պատասխանատվությունից խուսափելու պայմաններում տվյալ բնագավառը կամ ոլորտը ներխուժում են ոչ մասնագետներ կամ անձիք, որոնք որևէ պատկերացում չունեն իրենց պարտականություններից և վստահված խնդիրներից: Հակառակ դրան հաշվետու լինելու և պատասխանատվություն կրելու դեպքում յուրաքանչյուր անձ կգիտակցեր իր վրա դրված պարտականությունների լրջությունը, համադրելով դրանք իր կարողությունների հետ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ անպատասխանատվության և անպատժելիության պայմանները տիրում են հիմնականում բոլոր բնագավառներում: Ակնհայտ է, լինի դա ազգային ժողովի կամ ներկայիս Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունները, հնարավորություն է ստեղծվում ոչ մասնագետներ հանդիսացող անձանց կողմից, նույնիսկ խմբերով, միայն կուսակցական պատկանելությամբ գրավելու ղեկավար պաշտոններ:
Վերլուծելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը, պարզ է դառնում, որ անելիքները շատ են:
Ակամա պարզ է, որ յուրաքանչյուր մասնագետ, որը զբաղեցնում է այդ բնագավառում որևէ պաշտոն, պարտավոր է պատասխան տալ իր կողմից թույլ տրված խախտման, ցանկացած քաշքշուկի և կոռուպցիայի դրսևորման համար, իսկ եթե այն առընչվում է փոխհատուցման հետ` ապա պետությունը պարտավոր չէ այդ վնասը կրել: Հետևաբար, պատասխանատվություն պետք է կրի ցանկացած մասնագետ, որը թերացել և թույլ է տվել այդ խախտումը: Ակնհայտ է, որ դրանց բացահայտման և պատժամիջոցների կիրառման համակարգը քաղաքաշինության բնագավառում չի գործում և այն պետք է հիմնովին վերանայել:
Ակնհայտ է, որ կոռուպցիայի հիմքում դրված են չինովնիկական քաշքշուկները: Ներկա դրությամբ այն իրենից ներկայացնում է հզոր կարծրացած համակարգ, իր ներքին օրենքներով և աշխատաոճով: Բազմիցս անգամ դիմելով վերադաս ատյաններին էլ ավելի ես համոզվում այդ համակարգի աշխատաոճի անխափան գործելու փաստին, քանի որ այդ համակարգում ներառվել է նաև գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների վերին ատյանների չինովնիկական կազմը:
Արդեն օրինաչափ բնույթ է կրում այն աշխատաոճը, որը գործում է հիմնականում բոլոր ղեկավար կառույցներում: Ցանկացած բարձրացված հարց հասցեագրվում և անմիջապես ուղարկվում է քաշքշուկ ստեղծող հեղինակին: Նույնիսկ այն դեպքում, երբ գրությունը ուղարկվում է տարբեր ատյաններին, բոլոր պատճեները ուղղվում են նույն քաշքշուկ ստեղծող ստորին օղակին:
Այսինքն, հարցի լուծումը առընչվում և կապված է տվյալ կազմակերպության ղեկավարի, կամ աշխատակցի պարկեշտության և ազնվության հետ: Այստեղ հանդես է գալիս կամայականության գործոնը, որը հիմնականում արտահայտվում է պարտականությունների կատարումից խուսափելու և իրենից կախվածությունը ավելի արտահայտիչ դարձնելու հետ: Այն հարցին, թե ինչու տվյալ վերադաս կազմակերպությունը, որի ղեկավարին անմիջապես հասցեագրվել է տվյալ գրությունը, չի զբաղվում բարձրացված հարցերով, աշխատակցից ստանում ենք բանավոր պատասխան որ` իրենց որևէ հանձնարարություն չի տրվել: Այսինքն, պարզ է դառնում, որ որևէ գրություն կամ դիմում հղելը բավարար չէ, այն անմիջապես չի հասնում տվյալ կազմակերպությունների ղեկավարներին և իրենց կողմից չի վերահսկվում աշխատակցի գործունեությունը: Կամ, հակառակ դրան, գիտակցաբար ստեղծվում է կամայականության իրագործման բարենպաստ միջավայր:
Այսպիսով, բարձրացված հարցերին ցուցաբերվում է ոչ միանման մոտեցում:
Արդյունքում հարցերը, որոնք չեն հետաքրքրում տվյալ կառույցի ղեկավարին, վերահսկվում են հենց անմիջապես քաշքշուկ ստեղծող չինովնիկական կազմի կողմից, որը շատ հաճախ խուսափելով իր վրա դրված պարտականություններից` նույնիսկ հանդես գալով ղեկավարի անունից, ցանկացած անվերահսկելի հարցում դրսևորում է իր կամայականությունը, ավարտելով այն անհիմն մերժմամբ և դատարան դիմելու առաջարկով:
Այսինքն, տվյալ չինովնիկի պարտականությունները չկատարելու, ինչպես նաև օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության վերահսկումը իրականացվում է ոչ թե անմիջական ղեկավարների, կամ վերադաս մարմինների, այլ հենց իր` չինովնիկի կողմից անհատական կարգով առանց հաշվետու լինելու որևէ վերադասի առջև: Հարց է առաջանում` ինչու այդ պարտականությունները դրված են առանձին սուբյեկտների վրա, ինչու անգործության է մատնված և դիտողի դերում է հայտնվել ղեկավար կամ վերահսկող և համապատասխան պատժամիջոցների կիրառման հնարավորություն ունեցող համակարգը: Ինչու ՀՀ վարչական դատարաններում քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների, նորմատիվային պահանջների բացահայտ խախտման վերաբերյալ հայցապահանջները ներկայացվում են միայն անհատների կողմից: Ինչու այս կամ այն աշխատակցի և ղեկավարի կողմից թույլ տրված օրենսդրական կամ նորմատիվային /շատ ժամանակ գիտակցաբար/ խախտումը և սխալները ուղղելու հարցը չպետք է նախապես կանխվի: Անընդունելի է նաև անգործությանը վերաբերվող դատարաններում հայցապահանջների ի հայտ գալը:
Ինչու այն պետք է լուծվի միայն դատական կարգով: Իսկ շատ հաճախ, որպես կանոն դրա հետևանքով նյութական վնասի փոխհատուցումը պետք է կրի պետությունը: Այսինքն, որևէ պաշտոնյայի, կամ չինովնիկի խախտումը փոխհատուցվում է ոչ թե խախտում կատարողի կողմից, այլ` պետակամ միջոցներով: Ակամա հարց է առաջանում` արդյոք պետությանը վնաս չի հասցվում և ինչու թույլ տրված խախտումների և սխալների համար չեն կրում պատասխանատվություն հենց իրենք` այդ կառույցների ղեկավարները:
Հիմնականում կիրառվում և ընդունվում է այն սկզբունքը, որ ցանկացած գործառույթներում հարցի դրական լուծում տալու դեպքում, պատասխանը պարտադիր տրվում է անմիջապես ղեկավարի անունից: Իսկ մերժման պատասխանները, որոնք նույնպես հանդիսանում են փաստաթուղթ տրվում են ստորին օղակների կողմից: Ակնհայտ է, որ այդ դեպքում` երբ ղեկավարը անտեղյակ է և հանձնարարություն չի տվել, գործում է արդեն ստորին օղակի կամայականության սկզբունքը: Ակամա հարց է առաջանում, ինչու նմանատիպ փաստաթղթերի հանդեպ չի ցուցաբերվում համազոր մոտեցում:
Հատկանշական է այն, որ յուրաքանչյուր պաշտոնյա անձնավորություն պաշտոնը ստանձնելիս որդեգրում է օրենքների բացարձակ անտեսմամբ կամայականության սկզբունքը, որը ինչպես կանոն նշված բյուրոկրատական համակարգի պայմաններում մնում է հատուկ անվերահսկելի: Միաժամանակ պարզ է, որ բացակայում է նման դրսևորումների հանդեպ վերադաս մարմինների կողմից պայքարելու ցանկությունը: Պարզ է նաև, որ անպատժելիության պայմաններում տվյալ բնագավառում, տվյալ պաշտոնը զբաղեցնելիս պարտադիր չէ լինել մասնագետ, կամ ունենալ համապատասխան փորձառություն: Փաստ է, որ դրա արդյունքում քաղաքաշինության բնագավառը հագեցվել է այլ բնագավառներում չկայացած կամ համապատասխան աշխատանք չգտած մասնագետներով: Մեկ այլ գործոն, որը տվյալ պայմաններում անկախ մասնագետ լինելու հանգամանքից գործում է անխափան, դա` ծանոթի և բարեկամի գործոնն է: Հատկանշական է, որ նման անձանց առկայությունը որոշ կառույցների ղեկավարներին ձեռնտու է, քանի որ իրենց` ոչ մասնագետ կամ այդ մասնագիտության մեջ դիլետանտ լինելը և կուրորեն հանձնարարության կատարումը ստեղծում է ցանկացած կամայականություն և անօրինականություն իրագործելու հնարավորություն: Այսինք ձեռնատու է իրենց ենթակայության տակ ունենալ կամակատար, դիլետանտ մասնագետներ:
Ինչպես օրենք նման մասնագետներին բնորոշ է ակտիվ նախաձեռնության ցուցաբերումը, որոնք քաղաքաշինության բնագավառում արտահայտվում են անուղղելի և վտանգավոր հետևանքներով:
Արդյունքում անօրինականությունների և խախտումների քանակը ընդունել է մեծ անկանխատեսելի ծավալներ: Շատ հաճախ դրանք իրականացվում են հենց գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների, վերահսկող կազմակերպությունների մասնակցությամբ և աջակցությամբ: Ակնհայտ է նաև, որ վերահսկող կազմակերպությունները նույնպես ստեղծում են անօրինականությունների կատարման համար բարենպաստ պայմաններ: Ակնհայտ են նաև մասսայական բնույթ կրող անմիջապես բնագավառում տիրող մենաշնորհային երևույթները, որոնք ստեղծվում և թելադրվումեն այդ համակարգը հսկող առանձին ղեկավարների կողմից:
Շատ հաճախ քաղաքաշինության բնագավառից ամբողջական դուրս են մղվում և առանձնացվում են որոշ գործառույթներ կամ մասնատվում դրանք:
Հատկանշական է, այն հանգամանքը, որ չափագրությունը, որը հանդիսանում է քաղաքաշինության բնագավառի նախագծման գործառույթի բաղկացուցիչ փուլ, համարվել է որպես կադաստրային գործառույթ և դրա վերաբերյալ որակավորման իրավասությունը տրվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ին: Միաժամանակ նշենք, որ չափագրությունը չի կարող դիտարկվել որպես առանձին գործառույթ, այն հանդիսանում է նախագծման` գծագիր կազմելու նախնական, բաղկացուցիչ և անբաժանելի փուլ:
Նույնիսկ հանվել են գործողությունից տարիների ընթացքում մշակված տարածքների տեղագրական հանույթները, դրա փոխարեն ի հայտ բերելով աղավաղումներով և անճշտություններով հագեցված, միայն ուրվագծային պատկերներ արտահայտող կադաստրի էլեկտրոնային քարտեզները: Բացառելով ճշտելու հնարավորությունը դրանք ընդունվել են որպես հիմնական նյութ, ստեղծելով արհեստական կախվածություն: Դրա հետևանքով արդեն իսկ ճշտված տարածքների և գույքի տեղակապումը նշված նյութերի հետ դառնում է անհնարին, ակամա առընչվելով արհեստական քաշքշուկների հետ: Արդյունքում գույքի սեփականատիրոջը տրամադրվում է գույքը չբնորոշող, միայն մակերեսը արտահայտող փաստաթուղթ:
Ակնհայտ է, որ քաղաքաշինության բնագավառի գործառույթներով, նույնիսկ պատասխանատու կառույցներում, հիմնականում զբաղվում են բնագավառի հետ առընչություն չունեցող անձիք:
Բնորոշ է նաև այն, որ բնագավառում որոշակի դիրք ունեցող անձանց կամայականության և ներգործության փաստը, որի հետևանքով վերջիններս կարողանում են միանձնյա կատարել փողոխություններ, նույնիսկ քաղաքաշինության բնագավառի օրենսդրական դաշտում:
Դրա հետևանքով ներկա դրությամբ աղավաղվել է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքը, ոչ մասնագիտական բառակապակցությունների միջոցով զրկելով այն հստակությունից, ներառելով նրանում նույնիսկ կամայականության` անօրինականությունը թույլատրող սկզբունքներ: Թվարկվածից չի կարելի չանդրադառնալ` 23.06.2011թ. ԱԺ կողմից ընդունված, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի հոդված 6-ի թիվ 32 կետով կատարված փոփոխությանը` «Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը»: Այսինքն մինչև 2016 թվականի հունվարի 1-ը անօրինականությանը` կանաչ ճանապարհ: Ակամա հարց է առաջանում, միթե ազգային ժողովում կատարված փողոխությունները չեն քննարկվել: Կրկին ապացուցվում է բնագավառում, նույնիսկ օրենսդիր ատյաններում մասնագետների դեֆիցիտը:
Բնագավառի հետ առընչվող մասսայական բնույթ կրող անօրինականությունների պայմաններում ակամա հարց է առաջանում մինչ օրս, որ մի ղեկավար կամ վերահսկող կազմակերպության աշխատակից պատասխանատվություն է կրել նույնիսկ բացահայտորեն ցուցաբերված անօրինականության համար: Այդ մասին վկայում են վերջիններիս կողմից անհիմն պատասխանները: Այսինքն տիրում է անարխիային բնորոշ երևույթներ: Ինչու անօրինականությունների համար պատասխանատվություն կրելու հարցը մատնված է «անուշադրության»: Ակնհայտ է, որ անօրինականությունները կանխելու, դրանց դեմ պայքարելու փոխարեն դրանց վերաբերյալ կայացվում են անհեթեթ, անհասկանալի անօրինականության աջակցող դրանց օրինականացման որոշումներ: Ինչպես օրենք անօրինականության դեմ պայքարողները շատ հաճախ իրենք են նպաստում դրանց իրականացմանը հետագայում դրանց օրինականացման համար: Փոխարենը վերջիններիս պատասխանատվության ենթարկելու, շատ հաճախ նույնիսկ հպարտությամբ նշվում է, որ օրինականացվել են տասնյակ հազարավոր կառույցներ:
Իսկ թե ում թերի կամ բացթողի աշխատանքի հետևանք է դա, որևէ անդրադարձ չի կատարվում: Այսինքն, փոխարենը աջակցելու կառուցապատողներին օրինական ճանապարհով թույլտվություններ ստանալու հարցում կամ պարզեցնելու և ավելի մատչելի դարձնելու այդ գործառույթները արհեստական քաշքշուկներ և մեծածավալ նյութական արգելքներ են ստեղծվում դրդելով կառուցապատողներին անօրինական ճանապարհի: Ակնհայտ է, որ գործի հանդեպ պատասխանատվության, կամ պատժե լիության գործոնի արկայության պայմաններում, կվերանան անհիմն քաշքշուկները և կոռուպցիոն դրսևորումները:
Կվերանան և զգալի կպակասեն վարչական դատարաններում հայցադիմումները, որոնք հիմնականում հանդիսանում են այդ անօրինականությունների արդյունք: Հարց է առաջանում, ինչու բնագավառում այս կամ այն չինովնիկի կամ ղեկավարի անօրինականության հետևանքները, արդարության վերականգնման այդ ծանր բեռը դրված է ոչ թե պետական կառույցի, այլ դրանց զոհ դարձած անհատների վրա: Պարզ է, որ արդարության վերականգնման ճանապարհը ներկա անպատժելիության պայմաններում միակն է` դատարանի միջոցով, որը պահանջում է նաև մեծ նյութական միջոցներ: Ակնհայտ է, որ նույն կամայականության իրավիճակը տիրում է նաև արդարադատության բնագավառում և հիմնականում վճիռները կայացվում են այդ ղեկավարների և իրենց ենթակա չինովնիկական անձնակազմի շահերից ելնելով, որտեղ կրկին գործում է կոռուպցիայի սկզբունքը:
Հատկանշական է նաև դատարաններում մեծ ծավալ ստացած անհիմն և օբյեկտիվությունից զուրկ մասնագիտական եզրակացությունները կապված բնագավառի, գույքի հետ, որոնք տրվում են ՀՀ օրենքների, քաղաքաշինական նորմատիվային պահանջների կոպիտ խախտումներով: Մեծ ծավալ է ընդունել նաև բնագավառում շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմոկայունության հետ առընչվող հարցերում անհիմն և կեղծ եզրակացությունների տրամադրումը, որոնք նույնպես չեն վերահսկվում և իրականացվում են կամայական: Այսինքն, անպատժելիության պայմաններում հնարավոր է ստանալ ցանկացած բնույթի և բովանդակության «մասնագիտական» եզրակացություն: Անկանխատեսելի են շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության հետ առընչվող հարցերում անհիմն և կեղծ եզրակացությունների վտանգը և հետևանքները մեր տարածաշրջանի համար: Ակամա պարզ է դառնում, որ դրանց հեղինակները հանդիսանում են պոտենցիալ հանցագործներ: Հակառակ դրան անպատժելիության հետևանքով վերջիններիս հանդգնությունը հասել է նույնիսկ այն աստիճանի, որ սեյսմիկ ծառայության կարևորագույն համակարգի պաշտոն զբաղեցրած «մասնագետի» կողմից հեռուստատեսությամբ հնչեցվել է հետևյալ արտահայտությունը` «սեյսմիկ նորմերը դա սուրբ գիրք չէ»:
Հատկանշական է, որ քաղաքաշինության բնագավառում խախտումները առանձնահատուկ են և անուղղելի: Դրա հետևանքով քաղաքում մասնավորապես կենտրոնում քանդվում և լիկվիդացվում են մեծ քանակությամբ արժեքավոր, ինչպես նաև հուշարձան շենքեր: Արդյունքում իրականացվում է քաղաքաշինական ջարդ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ծրագրավորված: Ընդունված նորմ է, նույնիսկ թերացումներ թույլ տալու դեպքում պաշտոնյա անձի հրաժարականը:
Տեղին կլիներ, խախտման հետևանքով քանդված շենքի վերականգնման պարտականությունը դնել անօրինականություն կատարողի և այն թույլատրող պաշտոնական անձի վրա:
Փոխարենը քաղաքը խտացվում է խորթ կառույցներով, հագեցնելով այն անօրինական շինություններով և վերակառուցումներով: Բացի այդ, մասսայական բնույթ է կրում հանրային սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների գործառնական նշանակության անհիմն փոփոխության, կամայականորեն օտարման և տարածքներ զավթելու փաստերը: Արդյունքում, բացարձակապես բացակայում են քաղաքաշինական միջամտությունից զերծ մնացած շենքեր և շինություններ, ինչպես նաև արդեն իսկ քաղաքաշինական տեսակետից ավարտին հասցված տարածքներ: Դրա հետևանքով քաղաքը ընդմիշտ կորցնում է իր մայրաքաղաքին բնորոշ մասշտաբայնությունը և տարիների ընթացքում ստեղծված առանձնահատուկ դեմքը:
ՀՀ Քաղաքաշինության մասին և այլ օրենքներով, համապատասխան իրավական և օրենսդրական ակտերով, նորմատիվային պահանջներով կանոնակարգվում են քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունը: Սական բացակայում է և չի հստակեցված դրանց խախտման փաստերը ի հայտ բերելու և պատժամիջոցների կիրառման համակարգը, որի խստացումը կարող է պահանջել համապատասխան փոփոխություններ նաև ՀՀ քր. օրենսգրքում: Օրենքների և բնագավառում խախտման յուրաքանչյուր դեպք չպետք է մնա անպատիժ, որի համար անհրաժեշտ ենք համարում խստացնել նաև դատախազության և իրավապահ մարմինների գործունեությունը և պատասխանատվությունը: Շատ հաճախ օրեքների բացահայտ խախտման փաստով վերջիններիս դիմելով ստանում են հերթապահ պատասխան, որ «այդ հարցը հանդիսանում է քաղաքացիաիրավական բնույթի հարց»:
Այսինքն նման պատասխանով օրենքի խախտում իրականացնող պաշտոնյա անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, շարունակելով իր կամայական գործունեությունը: Այսինքն պաշտոնը հանդիսանում է պաշտպանիչ հակակոռուպցիոն միջոց /անտիկոռ/:
Նույնիսկ խախտված իրավունքների վերականգնման պարտականությունը պետք է դրվի վերջիններիս վրա, որպես պաշտոնյա անհատ անձ:
Հարկ է նշել, որ գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնագավառում թույլ տրված անօրինականությունների, ՀՀ օրենքների խախտումների դեմ պայքարը և պատասխանատվության ենթարկելու համակարգի շնորհիվ հնարավոր կլինի բնագավառը ազատել ոչ մասնագետներից կամ դիլետանտ մասնագետներից: Արդյունքում յուրաքանչյուր մասնագետ մինչ պաշտոնի ստանձնումը կգիտակցի և կխուսափի իրեն գիտելիքներին անհամապատասխան պաշտոն զբաղեցնելուց: Հնարավոր կլինի նաև բնագավառում թույլ տված խախտումների համար պատասխանատվության ենթարկել նաև ղեկավար անձանց, ըստ պաշտոնական դիրքի խստացնելով պատասխանատվության աստիճանը:
Հարկ է նշել համակարգում, նաև հասարակության վերահսկողության անհրաժեշտությունը, որը հնարավոր է իրականացնել միայն համապատասխան վարչական իրավապահ մարմինների հետ հասարակական, մասնավորապես` մասնագիտական կազմակերպությունների մասնակցության և համագործակցության միջոցով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ համագործակցության եզրերը բացակայում են միայն այն պատճառով, որ հասարակական կազմակերպությունները մատնված են արհամարհանքի:
Բազմիցս անգամ փորձ է արվել ներքևից վերև սկզբունքով պայքարելու բնագավառում գործող կամայականությունների և դրանք ծնող կոռուպցիոն դրսևորումների դեմ սակայն` ապարդյուն: Այսինք անհրաժեշտ է համապատասխան ցուցումը կամ ուղղակի ցանկության դրսևորում վերևից:
Դրա վառ ապացույցը հանդիսանում է այն, որ վերևի ատյաններին հասցեագրված գրությունները, առանց դրանց հետ ծանոթանալու անմիջապես հասցեագրվում էին ստորին օղակի չինովնիկական անձնակացմին: Արդյունքում բարձրացված հարցերը արժանանում էին վերջիններիս անհեթեթ պատասխանների:
Ակամա հարց է առաջանում մինչև երբ պետք է շարունակվեն բնագավառում անարխիային հասնող օրենքի խախտումներով հագեցված կամայականությունները և անպատժելիությունը: Հիշեցնենք, որ քաղաքաշինության բնագավառը հատկանշական է նրանով, որ կատարված խախտումները անուղղելի են և հագեցված են աղետալի հետևանքներով:

 Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Քաղաքաշություն և իրավունք» ՀԿ նախագահ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930