«Այսօր պարզապես կինոյի տոն է : Հայ ստեղծագործողներին ոգեւորելու ամենալավ ճանապարհը նման մրցանակաբաշխություններ իրականացնելն է»,-այս մասին այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում ասաց «ՀԱՅԱԿ» ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահ, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Վերջինիս խոսքով` մրցանակաբաշխությունը ոչ թե ձևականությամբ է արվում որպես տոն, այլ դրա կարիքը Հայաստանում կար: «Մրցանակաբաշխությունը ստեղծվել է կինոարտադրության զարգացման, նոր անունների բացահայտման, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու առաքելությամբ: Շատերը երկար տարիներ աշխատում են, սակայն մնում երկրորդ պլանում: Այսօր հնարավորություն է ընձեռնվում այդ աշխատանքներին անդրադառնալու և գնահատելու»:
Դավիթ Մուրադյանը խոստովանեց, որ վերջին քսան տարիները դժվար էին կինոյի համար: Նրա խոսքով` այսօր կինոյին նայում են կամ քննադատաբար, կամ գունավոր ակնոցով: «Երկու դեպքում էլ նույնն է. երկուսն էլ տանում է փակուղի: Մենք պետք է հասկանանք , թե որն է այսօրվա կինոն և ուր է այն տանում, ինչ պետք է անենք մեր կինոյի վաղվա օրվա համար, որոնք են այն խնդիրները, որոք աչքի են զարնում այս խոշորացույցի տակ»,-ընդգծեց Մուրադյանը:
Ժյուրիի կազմն ընտրել է բոլոր մրցանակակիրներին, սակայն այդ մասին խոսել չկամեցան: Ինչ վերաբերում է նախնական փուլին, ապա Գևորգյանն ասաց. «Ֆիլմարտադրության ծավալներն այնքան չեն, որ մենք ունենանք նախընտրական փուլ: Մրցույթին ներկայացվում են 2011-2012 թթ. նկարահանված ֆիլմերը: Ընդհանուր ներկայացվել է շուրջ 43 ֆիլմ»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ