Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Վաղը ես գալու եմ քաղաքապետ, կարող է՝ ես էլ ինչ ուզենամ՝ անեմ, թուրս աջ ու ձախ կտրում է»

Ապրիլ 28,2013 21:58

 

Բայց ՀՅԴ-ն համաձայն է, որ ՀՀԿ-ն, լինելով ընդդիմություն, Արմեն Ռուստամյանի ախորժակը զսպի:

armen«Այն, ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում անել՝ փոխել նախագահին, մեր դժգոհությունները փարատող իշխանություն ունենալ, մենք դա կարող ենք անել: Այդ շանսը կա: Կարող ենք անել՝ փոխելով Երեւանի քաղաքապետին: Ուզում ենք դա կատարել ավելի անվտանգ ճանապարհով: Մենք չենք ուզեցել գնալ առճակատումների, արյունահեղության՝ մյուս ճանապարհները պարզապես կործանարար համարելով»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Թթաստան թաղամասում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա կիսվեց, թե իշխանափոխության ինչ ճանապարհ են իրենք պատկերացնում. «Մենք համարում ենք, որ եթե կա մի փոքր հնարավորություն երկրում իշխանությունը փոխել, անվնաս, որ մեկի քթից արյուն չթափվի, որեւէ լուրջ քաղաքական ուժ չի կարող այդ հնարավորությունն ունենալով աչքի առաջ՝ գնա ավելի վտանգավոր արյունահեղության ճամփով: Այդ առիթն իսկապես առաջացել է»:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում ոչ թե ժողովրդի, այլ մի փոքր խմբի իշխանություն է, որն ամբողջությամբ յուրացրել է պետությունը՝ իր ռեսուրսներով. «Մի կուսակցություն նույնացված է պետության հետ եւ պետության ամբողջ ռեսուրսն օգտագործում է իր շահերի համար: Նախագահի աթոռից առաջացել է մի յուրայինների շրջանակ, ու այդ յուրայինների շրջանակը ամեն ինչ կարան անեն, անգամ օրենքներ խախտեն ու չպատժվեն, բայց այն ժողովուրդը, որ դրանից դուրս է, 90 տոկոսը հայտնվել են բախտի քմահաճույքին եւ փնտրում են իրենց ճակատագիրը օտար երկրում»:

Խոսելով ներկայիս քաղաքապետի մասին՝ պարոն Ռուստամյանն ասաց, որ ստեղծվել է մոնոլիտ մի բուրգ, միահեծան , որը թելադրում է քաղաքապետին իր խաղի կանոնները. «Այդ բուրգի մեջ Տարոն Մարգարյան լինի թե ով լինի՝ մի հատ օղակ է: Նա չի կարող հակադրվել իրենց ընտանիքին: Դա իրենց թիմն է, իրենց ընտանիքն է, իրենց սարքած բուրգն է: Բնականաբար, շատ բաներ իրան  ինչ ասեն՝ պիտի անի, ոնց ասեն՝ պիտի անի, որ չհակադրի, չխարխլի ու չխափանի իրենց դրվածքը: Դա կարող է անել այն քաղաքապետը, որն իրենց թիմից չէ: Մեր դժբախտությունների պատճառն այդ նույնացումն է: Մենք 7 քայլ ենք ձեռնարկել, որ էս երկրում իրականացվի՝ մենք կունենանք մեր երազած հայրենիքը»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, քաղաքապետը պիտի գնա, «քյալլա» տա կառավարության հետ ու  պահանջի, որ անվավեր համարի այն ծրագիրը, որը մարդկանց բնակելի տարածքները պետության գերակա շահ համարելով՝ նրանց հանում լցնում է փողոցները. «Քաղաքապետը պիտի ասի՝ քանի սոցիալական խնդիրները չեն լուծվել, մարդկանց ո՞նց ենք հանում լցնում փողոցները: Մի անգամ քաղաքապետը չի ընդդիմացել կառավարությանը, ասի՝ ստոպ, ես դեմ եմ, եթե դու դա անես, ես դա կբողոքարկեմ դատարանով, ժողովուրդն էլ կհավաքվի, կպաշտպանի իր քաղաքապետին: Պատկերացնո՞ւմ եք տենց քաղաքապետ, որ գա ասի՝ ես ձեր հետ եմ, ժողովուրդ, եկել եմ ձեր իրավունքները միասին պաշտպանենք: Դա կարող է անել միայն ընդդիմադիր քաղաքապետը: Իրենցից եղավ՝ չի անելու»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի մեծամասնություն կազմելուն ավագանիում, պարոն Ռուստամյանը համաձայն է՝ թող ՀՀԿ-ն ընդդիմություն լինի ու վերահսկի իրենց ամեն ձեւով. «Ինքը բնականաբար  շահագրգիռ կլինի, որ մեր թերությունները գտնի, որ ասի՝ էս էլ ձեր ընդդիմադիր քաղաքապետն է: Մենք պատրաստ ենք: Դրանից կշահի ժողովուրդը: Այս հակակշիռների հետեւանքով է, որ կարգուկանոն կլինի: Մեզ թվում է՝ մենք լավ կապրենք միայն այն ժամանակ, որ մեկը գա, ոտներն ամպոտ հրեշտակ լինի, արդար լինի, ամեն ինչ ճիշտ դատի, ճիշտ անի: Ըտենց չի լինելու, ժողովուրդ ջան: Ամեն մարդ էլ գալու է, փորձելու է այդ պաշտոնն իր համար օգտագործի: Որպեսզի դա տեղի չունենա, մենք զսպման մեխանիզմները պիտի բերենք, կամք ունենանք, իրականացնենք, որ իմ ախորժակն էլ զսպի: Վաղը ես գալու եմ քաղաքապետ, կարող է՝ ես էլ ինչ ուզենամ՝ անեմ, թուրս աջ ու ձախ կտրում է: Բայց պիտի բռնող լինի իմ ձեռը: Այդ բռնողը չկա այսօր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930