Նա թթաստանցիներին վստահեցրեց, որ ՀՅԴ-ի փոքր ֆրակցիան ԱԺ-ում բոլորին «դռդռացնում» է
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքից վերսկսեց իր բակային քարոզարշավները: ՀՅԴ-ի թիմը հանդիպում ունեցավ Շահումյան 16-րդ փողոցում: Այդ թաղամասն առավել հայտնի է որպես Թթաստան:
ՀՅԴ-ի ավագանու թեկնածու Սպարտակ Ասոյանը ներողություն խնդրեց «ընկեր Արմենից», որ այսօր հրավիրել են նախընտրական հանդիպման, քանի որ վերջինս, ինչպես հայտնի է, սուգի մեջ է:
Ներկայացնելով Արմեն Ռուստամյանին՝ Սպարտակ Ասոյանն ասաց, որ նա իրենց ֆրակցիայի ղեկավարն է. «Մի փոքր ֆրակցիա ունենք, որ ամբողջ պառլամենտ արժի: 5-6 հոգով բոլորին դռդռացնում են: Արմեն Ռուստամյանին բոլորը սիրում են, ազնվագույն մարդ, լավ կենսագրություն ունեցող: Ոչ մեկը չի կարող վեր կենա եւ ասի, որ էս մարդն օլիգարխ է: Դա հստակ է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ Երեւանի ավագանիում ընդդիմություն չկա ու թե ինչով էին զբաղված այս տարիներին՝ ոչ ոք չգիտի. «Սուտի կանաչապատում, բան, որով պարտավոր էին զբաղվել: Մենք բոլորս փող ենք հավաքում, բյուջե ենք լցնում, ասում են՝ էս քաղաքապետն ասֆալտ է արել: Ամոթ է: Ինչեւիցե, բամբասանք չլինի: ՀՅԴ-ն նույնպես պատրաստվում է գնալ ընտրությունների՝ իր ծրագրերով, իր թիմով»:
Անդրադառնալով նախագահական ընտրություներին՝ նա վստահեցրեց, որ հիմա մթնոլորտը հանրապետությունում փոխվել է. «Եթե նախագահական ընտրություններին ուրիշ ձեւ էր, գալիս էին ժողովրդին կաշառք էին տալիս, խաբում էին, էդ ձեւի էլի արեցին, բայց կերան, ներողություն: Ժողովուրդը փողը վերցրեց, եկավ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Բոլորդ տեղյակ եք, եւ այդ տոկոսային հարաբերությունները որ ասում են՝ սուտ է: Եղել է հակառակը: Րաֆֆիի թիմի մեջ մենք էլ կայինք, մենք մեր ձայնը գնացինք տվեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովրդին նորից դրեցին, մեծ պատերազմներ եղան, տեղյակ եք ամեն ինչից: Հիմա ՀՅԴ-ն իր յուրահատուկ ծրագրով գնում է ընտրությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ