Լրատվամիջոցները` այդ թվում «Առավոտը», շաբաթավերջին գրեցին, որ Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները մեկ օրով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում են տեղի համար վարձավճարը վերանայել: Ըստ տոնավաճառի տաղավարների աշխատակիցների եւ օգտագործողների՝ առեւտրի ծավալները նվազել են, ամսական 120 000 դրամը անչափ մեծ վարձ է տաղավարի համար, իրենք ի վիճակի չեն դա վճարել:
Այսօր Մալաթիա տոնավաճառ են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7 ընտրատարածքից ընտրված, խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրանք խնդրի առիթով զրուցել են տոնավաճառի աշխատակիցների, ինչպես նաեւ տոնավաճառի տնօրինության հետ: Որոշվել է, որ մոտ երկու հազար տաղավարներից յուրաքանչյուրի համար 13 հազար դրամ կվճարի Սամվել Ալեքսանյանը, 7 հազար դրամ կզեղչի տոնավաճառի տնօրինությունը, մնացածը` կտա վաճառականը: Սա ապրիլի համար: Մայիսին արդեն ձեւավորված կլինի նոր կառավարությունն ու հարցին արմատական լուծում կտան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
🙂