Այս տարվա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը եւ ուրիշներ: Երիտասարդ Նժդեհին մարմնավորել է ծնունդով գորիսեցի Շանթ Հովհաննիսյանը, ավելի հասուն տարիքի Նժդեհին՝ Արտաշես Ալեքսանյանը:
«Ֆիլմն արդեն հասցրել ենք ցուցադրել Հայաստանի տարբեր քաղաքներում, նաեւ Մոսկվայում եւ ԱՄՆ-ում: Տաթեւում ֆիլմը ցուցադրելու մեջ մեծ խորհուրդ կա. մեզ համար մեծ պատիվ է: Նկարահանումների մեծ մասն անցել է այստեղ՝ Տաթեւի վանքի պատերի ներքո: Իմ կարծիքով ամենաանաչառ հանդիսատեսը սյունեցիները կլինեն, իսկ թե ինչքանով է ֆիլմը հաջողվել, կասի հանդիսատեսը: Անձամբ ես արել եմ առավելագույնը՝ հանդիսատեսին չհիասթափեցնելու համար, փորձել եմ կերտել այդ մեծ հային, հայրենասերին, ստեղծել նրա հոգեկերտվածքը»,-ասաց երիտասարդ Նժդեհի դերակատարը:
Շանթ Հովհաննիսյանը չթաքցրեց, որ բացասական կարծիքներ էլ է լսել ֆիլմի մասին, բայց նրա ասելով, դրականն էլ քիչ չէ: Ասում է՝ սյունեցիները ֆիլմի Նժդեհին հավանել են:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ավելի շատ ի՞ր կերտած Նժդեհն է դուր եկել սյունեցիներին, թե՞ Արտաշես Ալեքսանյանինը, Շանթ Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց պատասխանից, ընդամենն ասաց, որ չի ցանկանում զուգահեռներ տանել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ