Երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը այս տարվա հուլիսին կտոնի հիմնադրման 30-ամյակը: «Մարաթուկի» գլխավոր առաքելությունն է ազգագրական երգուպարի պահպանումը, ներկայացումը եւ փոխանցումը սերունդներին: Համույթի պարուսույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանը, խմբավարը՝ Արա Ավագյանը, տնօրենը՝ Վարդգես Աղասյանը: «Մարաթուկը» նկարահանվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության «Գարեգին Նժդեհ» ֆիլմում (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), ուստի պատահական չեն համույթի ելույթները տարբեր ցուցադրությունների առիթով: «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ տաթեւյան ցուցադրությանը համույթը կրկին մասնակցում էր:
Լրագրողների փոքր խմբին բախտ վիճակվեց «Մարաթուկի» հետ միասին մեկնել Տաթեւ եւ այնտեղից Երեւան վերադառնալ: Երկու օրն էլ «Մարաթուկի» բոլոր անդամները ազգային, հայրենասիրական ու կատակ- երգեր հնչեցրին անգամ ավտոբուսում՝ կրճատելով ճանապարհի երկարությունը իրենց չքնաղ կատարումներով: Երգում էին խմբի բոլոր անդամներն անխտիր, իսկ դհոլահար Սամվելը ուղղակի «ստիպում» էր, որ բոլորս վարակվենք «Մարաթուկով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև