«Տաթեւյան պրեմիերաներ» միջոցառումների շարքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան) ապրիլի 27-ին ցուցադրվեց Տաթեւի վանքում: Ցուցադրությունն իրականացվեց «Տաթեւ» հիմնադրամի եւ ճոպանուղին կառավարող «ՏաԹեւեր» ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:
«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ցուցադրվեց Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող վեց գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձատափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար: Միջոցառմանը, որի ժամանակ ողջույնի խոսք ասաց Տաթեւի վանահայր հայր Միքայելը, մասնակցում էր նաեւ Գարեգին Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորած դերասան Շանթ Հովհաննիսյանը: Կինոդիտումը բացվեց եւ փակվեց երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթի (խմբավար՝ Արա Ավագյան) կատարումներով: «Մարաթուկի» ելույթներից կինոդիտման եկած մեծահասակներն ու երեխաները այնքան էին ոգեւորվել, որ ամբողջ ընթացքում պարում ու երգում էին:
«Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանն ասաց, որ ցուցադրության վայրը եւ ամսաթիվը՝ ապրիլի 27-ը պատահական չի ընտրված. 1921 թ. ապրիլի 26-ին կայացել է համազանգեզուրյան համագումար, որն անկախ Սյունիքը հռչակել է Լեռնահայաստան:
Կարդացեք նաև
Հայազգի ճանաչված ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանի այցը՝ Սյունիք, համընկել էր ֆիլմի ցուցադրության հետ, ինչի առիթով երաժիշտը գոհունակություն հայտնեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ