Հենց նոր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախնական երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահել Գյումրու կրակոցների գործով ձերբակալված քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևոր Խաչատրյանին: Նա այս ընթացքում կգտնվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված այս երիտասարդը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ: Ինչպես 3 օր առաջ պարզաբանեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը. «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում`փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:
Հիշեցնենք, որ Շիրակացի փողոցում հնչած կրակոցներն ու մարդասպանությունը տեղի ունեցավ հենց քավոր Հարութի տղայի պատճառով: Վերջինս նախագահական ընտրություններից առաջ Սլաբոդկա թաղամասում մետաղաձողով կոտրել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու` 31-ամյա Նիկոլայ Ղուկասյանի գլուխը: Ու թեև այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, Ղուկասյանների որդիները որոշել էին անձամբ վրեժխնդիր լինել`օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում կրակոցներ արձակելով: Այդ կրակոցներից սպանվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն`36-ամյա Շեկոն, իսկ այդ նույն հորեղբոր` Սերոբի երեխաների կնքահայր քավոր Հարութը ծանր մարմնական վնասվածքներով, ոստիկանների հսկողության տակ պառկած է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև