Նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ Twitter-ը նոր երաժշտական ծրագիր է ձեռք բերել, իսկ ահա օրեր առաջ պարզ դարձավ, որ գործարկումից մեկ շաբաթ անց Twitter-ի երաժշտական ծառայությունը մնացել է առանց ղեկավարի:
Քևին Թաուն հեռացել է ընկերությունից՝ հայտնում է All Things Digital-ը: Twitter-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: Թաուն հիմնադրել է We Are Hunted ընկերությունը, որը Twitter-ը գնել է և դրա հիման վրա ստեղծել #music-ը: Ավելի վաղ Քևին Թաուն աշխատել է Twitter-ում և ղեկավարել միկրոբլոգների ծառայության առաջին բջջային տարբերակների թողարկումը:
Անկախ Twitter-ի այս «կորստից», այնուամենայնիվ միկրոբլոգերի ծառայությունը պայմանագիր է ստորագրել Starcom MediaVest Group գովազդային գործակալության հետ: Այս մասին հայտնում է The Financial Times-ն ու հավելում, որ համաձայնագիրը դարձել է ծառայության պատմության մեջ խոշորագույն գովազդային գործարք, որի պայմանների համաձայն, Starcom MediaVest Group-ի հաճախորդները (Coca-Cola, Microsoft, Procter & Gamble և այլն) կստանան արտոնյալ մատչում Twitter-ի գովազդային հարթակներին, ինչպես նաև ծառայության մարքեթինգային հետազոտություններին, նրա գովազդային տեխնոլոգիաներին և այլ տեղեկությունների:
Աշխարհահռչակ սոցիալական ցանցը՝ Facebook-ը, ծրագրում է Այովա նահանգի Ալթունա քաղաքում կառուցել 1.4 մլն ք/մ մակերեսով տեղեկատվական կենտրոն: Տեղի Des Moines Register թերթը, հղում անելով նահանգի իշխանություններին, հայտնում է, որ կենտրոնը պետք է դառնա ընկերության ցանցում տեխնոլոգիապես առաջատարը: Նախագիծը կիրականացվի երկու փուլով՝ յուրաքանչյուրում 500 մլն դոլար ներդրմամբ:
Facebook-ը հայտնել է նաև Մարկ Ցուկենբերգի աշխատավարձի չափը: Տեղեկության համաձայն, 2012 թվականին Ցուկենբերգը ընկերությունից ստացել է 1,9 մլն դոլար՝ որպես աշխատավարձ և փոխհատուցումների վճար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ԱՄՆ բորսաների և արժեթղթերի հանձնաժողովի կայքը։ Մեկ տարի ավելի վաղ՝ 2011-ին, Ցուկերբերգը ստացել է 1,7 մլն դոլար։ Facebook-ի գործադիր տնօրենը չի համարվում սոցցանցի ամենաշատ վճարվող թոփ մենեջերը։ Ցանցի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, օրինակ, 2012-ին վաստակել է 26,2 մլն դոլար։
Google-ի հեղափոխական նորույթը Google Glass ակնոցներն են: Այն արդեն մի քանիսը հասցրել են փորձարկել: Առաջին հաջողակներից մեկը՝ ամերիկացի բլոգեր Ռոբերտ Սքոբլը, ում հնարավորություն է ընձեռվել փորձարկել ապագայի ակնոցը, կիսվել է իր տպավորություններով։ Ինչպես նշում է Daily Mail-ը, բլոգերն ասել է, որ այդ ակնոցն իր կյանքն անսպելիորեն փոխել են, ինչի արդյունքում նա այլևս ոչ մի օր չի պատկերացնում առանց դրանց։ Սքոբլը Google Glass-ը կրել է 2 շաբաթ անընդմեջ։
Google Inc ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթը ևս կիսվել է իր Google Glass ակնոցների օգտագործման անձնական փորձի տպավորություններով, հայտնում է newsru.com-ը։ Նրա կարծիքով՝ նման բարձր տեխնոլոգիական արտադրանքի հետ գործ ունենալու համար մարդիկ ստիպված կլինեն մշակել վարվելաձևի նոր էթիկետ։ Օրինակ՝ Google Glass օգտագործողները կարող են մյուսների համար աննկատ տեսաձայնագրություններ անել և օգտագործել դրանք կասկածելի նպատակներով։ «Պարզ է, որ կան վայրեր, որտեղ ակնոցների օգտագործումն անտեղի կլիներ»,- ասել է Շմիդթը։
Տիգրանուհի Թասլակյան