Գյումրու կրիմինալ դեպքերից հետո այս քաղաքի բոլոր թաղամասերում արտակարգ ռեժիմով հսկողություն է իրականացվում մայրաքաղաքից ժամանած հատուկ նշանակության ջոկատայինների, ոստիկանության պարեկապահակային ծառայության կողմից: Ոստիկանները ոչ միայն հատ-հատ կանգնեցնում ու ստուգում են Գյումրու փողոցներով երթևեկող գրեթե բոլոր ավտոմեքենաները, այլ խմբով` մոտ 6-7 հոգով, մտնում են դեղատները, այստեղից առևտուր անելու պատրվակի տակ ծածուկ ստուգում թե՛վաճառքի հանված դեղերը և թե՛ դեղատների հաճախորդներին:
Այսօր նման դեպքի ականատաես եղանք Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցում գտնվող դեղատներից մեկում, որտեղ ժամը 14.30-ի սահմաններում նույն ոստիկանական խումբը արդեն 3-րդ անգամ էր այցելում: Վերջիններս այս մի անգամ ժգուտ էին ուզում վաճառողուհուց: Ի դեպ, դեղատների աշխատակիցները ի սրտե դժգոհում էին ` այդպես էլ չհասկանալով նրանց ելումուտ անելու իմաստը:
Հիշեցնենք, որ Գյումրիում թմրանյութերից մեծ տարածում ունի բենզինը, որը խառնելով դեղատներում՝ այժմ արդեն դեղատոմսով վաճառվող, սակայն գնային առումով խիստ մատչելի սեդալգինի հետ, տնային պայմաններում թմրանյութ են ստանում ու սրսկվում: Ինչպես ոստիկանի օրվա կապակցությամբ մեզ հետ զրույցում փաստեց Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, բենզինով թմրանյութի օգտագործումը մեծ տարածում ունի հատկապես գյումրեցի երիտասարդների շրջանակում: Գյումրեցիների լեզվով ասած, նրանք բենզոլոգներ են, ովքեր թմրանյութի այս տեսակն են օգտագործում սոցիալապես անապահով լինելու պատճառով, ու նրա նց մոտ սկսվում է փտախտ` հատկապես ծնոտի շրջանում:
Ինչևէ, հատուկ ջոկատայինները, այդ թվում նաև ոստիկանության «Աղավնի» ջոկատը, կատարելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանը` փորձում են պարզել ու բռնել թմրամոլներին: Ճանապարհային ոստիկաններն էլ ավտոմեքենաները կանգնեցնում են այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ գյումրեցի հեղինակությունները, զենքն ու թմրանյութ դրած մեքենաների մեջ, ազատ ման են գալիս: Անձեռնմխելիությունը այս քաղաքում այն աստիճանի է հասել, որ մեքենայում զենք ու թմրանյութ պահելը հեղինակության հարց է համարվում:
Կարդացեք նաև
Նշենք, որ, ըստ ոստիկանների, հատուկ ջոկատայիններում ուժեղ պարապած տղաներ են ընդգրկված, հզոր, ֆիզիկապես առողջ, բոյով-թափով, ոչնչից չվախեցող: Նրանք համեմատաբար ավելի բարձր են վճարվում, քան շարքային ոստիկանները, եթե օրինակ` հասարակ սպայի աշխատավարձը 110-120 հազար դրամ է, ապա «Աղավնի» խմբի սպայինը 200 հազար դրամից ոչ պակաս: Ի դեպ, Երևանից ժամանած պարեկային ծառայության քրեական հետախուզության ներկայացուցիչներն էլ հետախուզում են Վարդան Ղուկասյանի ու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի, այդ թվում նաև ամենահեռավոր ազգականների տները: Քիչ առաջ նրանք հետախուզել են պատգամավորի հորը` Կամո Գրիգորյանի հորաքրոջ տղաների տները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
տունը չեն հետախուզում խուզարկում են