Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հլը գնացեք, փորձեք քաղաքապետարան մտնել, շլագբաումը դրած, փակած է». Բնակիչը դժգոհում է քաղաքապետի թեկնածուին

Ապրիլ 27,2013 20:20

«Ինչո՞ւ կուսակցությունները ընտրություններից դուրս չեն վերահսկում քաղաքապետարանի աշխատանքը: Միայն ընտրությունների ժամանակ են գալիս՝ սա կանեմ, նա կանեմ: Հլը գնացեք, փորձեք մի թաղապետարան կամ քաղաքապետարան մտնել, բոլոր տեղերը շլագբաումը դրած, փակած է… Ի՞նչ է եղել, ինչո՞ւ են ժողովրդից իրենց այդպես սահմանազատել»,- այսօր Կենտրոն վարչական շրջանում արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց բնակիչներից մեկը:

Ի պատասխան պարոն Երիցյանն ասաց. «Ավագանին այն ինստիտուտն է, որի միջոցով պետք է կարողանանք ստիպել, որ քաղաքացի-քաղաքապետարան-թաղապետարան կապը լինի: Որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր դարդն ու ցավը պատմի, առաջարկում եմ՝ քաղաքապետը եռամսյակը մի անգամ ելույթ ունենա ու կատարած եւ կատարվելիք աշխատանքը ներկայացնի, եւ քաղաքացին էլ այդ ժամանակ հնարավորություն ունենա զանգել եւ իր հարցերն ուղղել»:

Պարոն Երիցյանը նաեւ նկատեց, որ շատ անգամ ոչ միայն «թաղապետարանները», այլեւ համատիրություններն են անհասանելի բնակիչներին: Բնակիչն էլ շարունակեց. «Համատիրություները ստեղծված են նրա համար, որ բացահայտ կողոպուտով զբաղվեն, թաղապետարանի գլխավորությամբ ժողովրդի միջոցները հավաքում են ու նպատակի համար չեն ծախսում, դնում են սեփական գրպանը»:

Պարոն Երիցյանն էլ խոստացավ, եթե ընտրվի, կներկայացնի եկամուտներն ու ծախսերը եւ ամեն ինչ տեղը կընկնի. «Եռամսյակը մեկ ձեզ ներկայացնում եմ բյուջեն՝ ինչքան գումար է եկել, արտաբյուջեն՝ ինչքան ունի եւ որ գումարն այստեղից որտեղ եմ ուզում ուղղել»:

Բնակիչներից մեկն էլ դժգոհեց,որ քաղաքապետարանում  նամակներին չեն արձագանքում,  եւ պաշտոնյաները ոչ թե ժողովրդի ծառան են, այլ ժողովրդին են ծառայեցնում իրենց. «Կամոյի ժամանակը չէ, որ բուրժուազիայի աչքերը փոշի լցվեն»: Մեկ այլ բնակիչ անհատական թոշակի ձեւակերպման խնդիր ուներ եւ այդ հարցը ներկայացրեց: «Կլինեմ Երեւանի քաղաքապետարանում, այնտեղ կգաք, կլինեմ ԱԻՆ-ում, թե դասախոսական իմ աշխատանքներում, այնտեղ կգաք եւ պատրաստ եմ միասին լուծել այդ հարցը: Ծերերին եւս պետք է ուշադրության կենտրոնում պահել, քանի որ բոլորս էլ ծերանալու ենք»,- պատասխանեց պարոն Երիցյանը:

Հանդիպման ավարտին ավագանու թեկնածու Ֆելիքս Պերիխանյանն էլ իր մտահոգությունը հայտնեց կուլտուրայի պակասի վերաբերյալ եւ տարեց բնակիչներից մեկի ձեռքից վերցնելով տոպրակը՝ մտաբերեց, որ տարիներ առաջ, երբ երիտասարդ էին,տարեցների ձեռքին տոպրակ նկատելով՝ իրար հերթ չէին տալիս օգնելու համար. «Խաղը կիսատ էին թողնում օգնում, հասցնում տեղ, նոր շարունակում խաղը, ինչը այսօր գրեթե չկա»:

Պարոն Երիցյանն էլ հավելեց՝ վերականգնելու են բոլոր լավ ավանդույթները, թե դա, թե երթուղայիններում կանանց, հղիներին, ծերերին տեղ զիջելու ավանդույթները. «Շատ ժամանակ անուն են դնում կոմունիստներին, բայց շենքերը կառուցել են: Ինչքան բան կա, որ կարող ենք սովորել: Չեմ ասում հետ գնանք, պետք է առաջ գնանք, բայց չպետք է մոռանաք մեր պատմությունը եւ ինչը լավ է եղել, քաղենք, բերենք: Շատ ոլորտներ կան, պետք է ուսումնասիրենք անցյալը, որ ապագան ճիշտ կառուցենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 Մանրամասները՝ շուտով տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930