Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1967թ. ծնված Ն. Ժ.-ին մեղադրանք է առաջադրվել , որ նա 2012թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 3-ի սահմաններում իր տան խոհանոցում ծննդաբերել է իր համար անցանկալի ծնունդ հանդիսացող, իգական սեռի կենսունակ, հասուն երեխա եւ այդ փաստն իր հարազատներից թաքցնելու նպատակով իր ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ անելով սպանել է նրան, եւ դիակը թաքցրել խոհանոցի բազմոցի հետնամասում, իսկ հարազատների կանչով ժամանած շտապ օգնության աշխատակիցներին հայտնել է, որ իր հետ տեղի է ունեցել հղիության ընդհատում: Շտապ օգնության աշխատակիցների կողմից կինը տեղափոխվել է Վանաձորի ծննդատուն:
Կինը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ն.Ժ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով («Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը»): Այդ հոդվածը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Սույն գործով դատավարության առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի՝ ապրիլի 29-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ