ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովում Ռուբեն Հայրապետյանը ելույթի ավարտին ասաց. «Ուզում եմ անդրադառնալ ֆեդերացիայի զուտ ֆուտբոլային գործունեությանը: Նախ ուզում եմ նշել, որ հաշվետու ժամանակաշրջանում երկարատեւ ընդմիջումից հետո հայկական միանգամից երկու ակումբներ հաղթահարեցին եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի՝ Եվրալիգայի, որակավորման 1-ին փուլի արգելքը: Այդ ակումբներն են՝ Գյումրիի «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը»: Ընդորում, երկուսի համար էլ սա նմանատիպ առաջին հաջողությունն է:
Խոսելով հավաքական թիմերի, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի մասին՝ ուզում եմ նշել. ՀՖՖ-ն արել է հնարավոր ամեն ինչ՝ բարձր մակարդակով սպասարկելու միջազգային այն հանդիպումները, որոնց մասնակցել են մեր ազգային հավաքականները, կազմակերպել է ընկերական հանդիպումներ: ՀՖՖ ուշադրության կենտրոնում եղել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող այն հայ ֆուտբոլիստները, որոնք Հայաստանի ազգային թիմերում հանդես գալու տվյալներ են ցուցադրել: Վստահ եմ, որ առաջիկայում քայլ առ քայլ կկարողանանք հաջողություններ արձանագրել, քանի որ տարիներ շարունակ այդ ուղղությամբ տարվել եւ տարվում է նպատակային աշխատանք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ