ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովը:
Օրակարգի 10 հարցերը հաստատվելուց հետո ուղերձ զեկույցով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա անդրադարձավ ՀՖՖ քաղաքականությանը, որի զարգացման ուղղությամբ ֆեդերացիան աշխատել է ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերով ՀՖՖ առաջնահերթությունները եղել են եւ կան ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը (դա պարզորոշ երեւաց նաեւ հաջորդ ելույթում, երբ ՀՖՖ 1-ին փոխնախագահ Արմեն Մինասյանը ներկայացրեց նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը եւ ֆինանսական հաշվետվությունը), դրանց համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին, մարզչական եւ մրցավարական գործունեության կազմակերպումը, Ժամանակակից ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համապատասխան հայկական ֆուտբոլի կառավարումը, ֆուտբոլում մասսայական ընդգրկվածության բարձրացումը, կառավարման նոր համակարգերի կիրառումը եւ արդիականացումը, մանկապատանեկան եւ կանանց ֆուտբոլի զարգացումը, ազգային հավաքական թիմերի խաղամակարդակի կատարելագործումը: Պարոն Հայրապետյանը հանգամանալից ներկայացրեց այս ոլորտներում կատարված աշխատանքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ