Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների եւ ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել եւ զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից:
Համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու եւ որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը` նպատակ ունենալով կանխել ցանկացած դիսկրիմինացիա, գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նկատենք, որ նմանատիպ պետություն է նաեւ ԼՂՀ-ն:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այս օրերին ընթանում էր Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Համաժողովն այսօր ավարտել է իր աշխատանքները:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման եւ կրթության կառավարման խնդիրների մասին: Ապա, երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին: Աշոտյանը, մասնավորաբար ասել է. «Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով եւ մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Այդ իրավունքը վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին եւ ոչ թե պետություններին ու այդ իրավունքը երաշխավորված է միջազգային եւ եվրոպական հանրության կողմից: Եվրոպայի կրթական տարածքում «սեւ բծերի» առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բնավ քաղաքական դաշտ չեմ տեղափոխում, թեպետ ես ոչ միայն կրթության նախարար եմ, այլ նաեւ քաղաքական գործիչ: Խնդիրը բարձրաձայնում եմ, մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով»:
Կարդացեք նաև
Աշոտյանը վկայակոչել է նաեւ այն իրողությունը, որ «կրթություն առանց խտրականությունների» միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից:
Հավելենք, որ կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ եւ հնարավորություններ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ