Մեր իրականությունում ձեւավորվել է տարօրինակ մի իրավիճակ, երբ բուհերը պատրաստելով մասնագետներ, բնավ չեն հետաքրքրվում աշխատաշուկայում իրենց շրջանավարտների ճակատագրով: Արդեն իսկ մեկնարկում են պետական քննությունները, որոնց ավարտին շրջանավարտների մի հոծ զանգված, մուտք գործելով աշխատաշուկա, նորից աշխատանք չի գտնելու եւ լրացնելու է գործազուրկների բանակը: Հայտնի է, որ երբ գործարարներն արտադրանք են թողարկում, խիստ հետաքրքրված են շուկայում վերջինիս սպառման հնարավորություններով: Այս առումով, բուհերը գտնվում են կարծես «արտոնյալ» կարգավիճակում, քանի որ նախօրոք ուսանողից գանձելով ուսման վարձեր, հեշտությամբ լուծում են իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների վճարման խնդիրները եւ բնավ էլ չեն մտահոգվում իրենց իսկ «թողարկված արդյունքի» հետագա ճակատագրով:
Կթվարկեմ մի շարք գործոններ, որոնք պատճառ են հանդիսանում նման իրավիճակի համար: Նախ, բուհերի կառավարման խորհուրդը չի նպաստում «աշխատաշուկա-համալսարան» կամրջի ամրապնդմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համալսարանները, որքան հնարավոր է, ձգտում են կառավարման խորհուրդ ընդգրկել խոշոր գործարարներից ներկայացուցիչներ, որոնք մի կողմից թեթեւացնում են բուհերի ֆինանսական հոգսերը, մյուս կողմից՝ հեշտացնում շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործընթացը: Մեր իրականությունում, բուհերի կառավարման խորհրդում ավելի շատ տեղ է հատկացվում իշխանական կառույցներին, ետին պլան մղելով գործարարների ներկայությունը: Կարեւոր եմ համարում նաեւ գործարարների կողմից «խնամակալության ինստիտուտի» միջազգային փորձի կիրառումը, երբ գործարարները իրենց նախաձեռնությամբ են մուտք գործում բուհեր, ընտրում են լավագույն ուսանողներ արդեն իսկ երկրորդ, երրորդ կուրսերից, հետեւում ուսման առաջադիմությանը, կրթական ծրագրերի որակին, ֆինանսական աջակցություն ցուցաբերում՝ հետագայում «խնամակալված շրջանավարտներին» աշխատանքի ընդունելու ակնկալիքով:
Ցավոք սրտի, մեր իրականությունում գործատուները քիչ են հետաքրքրվում իրենց իսկ համար մասնագետներ պատրաստող կրթօջախների գործունեությամբ: Միշտ չէ, որ պետական ավարտական հանձնաժողովի կազմում կարող եք հանդիպել գործատուների շրջանակից ներկայացուցիչների: Ավելին, գործատուները հազվադեպ են մասնակցում մասնագիտական կրթական ծրագրերի կազմմանը, անգամ չեն գրախոսում դրանք, համուզմունք ունենալով, որ շրջանավարտի վերապատրաստումը աշխատավայրում անհրաժեշտ պայման է, եւ պետք չէ «միջամտել» համալսարանի գործունեությանը: Նույնը վերաբերում է ուսումնառության ընթացքում կազմակերպվող արտադրական պրակտիկաներին, որի ընթացքում գործատուների կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում ուսանողի ակադեմիական վարքագծին, որի վրա իրենց հերթին «աչք են փակում» համալսարանները: Կրթության որակի նկատմամբ նման «պահանջկոտության բացակայությունից» օգտվում են բուհերը, եւ անտարբերություն են ցուցաբերում աշխատաշուկայի սպասումների նկատմամբ, իսկ արդյունքում՝ վերջին հաշվով տուժում է շրջանավարտը, որը «համալսարանական ջերմոցային» իրավիճակից դուրս գալով, գործնականում բախվում է գործատուի խստագույն պահանջների հետ:
Ինձ համար անհասկանալի է նաեւ պետության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ: Մի կողմից՝ պետպատվերով տեղեր են իջեցվում եւ պետբյուջեի հաշվին ուսանողներին կրթական ծառայություններ են մատուցվում, մյուս կողմից՝ պետպատվերով սովորած շրջանավարտները հենց պետության կողմից անուշադրության մատնվելով՝ աշխատանքի չեն գործուղվում, ինչպես արվում էր խորհրդային տարիներին, եւ ստացվում է, որ կարծես հանրային միջոցները չեն ծառայում իրենց նպատակին:
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի հայրենական բուհերը ակտիվ լինեն ոչ միայն դիմորդների ներգրավման, այլեւ շրջանավարտներին աշխատանքի տեղավորման գործում: Այստեղ, անշուշտ, որոշիչ դերակատարում կարող են ունենալ նաեւ համալսարաններում գործող շրջանավարտների միությունները, կարիերայի կենտրոնները: Սակայն, իմ խորին համոզմամբ, աշխատաշուկայում բուհերի գործունեության ակտիվությունը զգալիորեն կբարձրանա այն դեպքում, եթե մեր հանրապետությունում, միջազգային փորձին համահունչ, ամեն տարի հրապարակվի համալսարանական ազգային վարկանիշային աղյուսակ, որտեղ որոշիչ գործոններից է հանդիսանում շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Բնականաբար, նման իրավիճակում բուհերը կհայտնվեն մրցակցային դաշտում, դեմքով կշրջվեն դեպի աշխատաշուկա, հաշվի կառնեն խստապահանջ գործատուի պահանջները, որպեսզի չհայտնվեն վրականիշային սանդղակի վերջին հորիզոնականներում:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ