Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ քաղաքացիների բանկային քարտերի «փողերը լվացած» վանաձորցին դատապարտվեց ազատազրկման

Ապրիլ 27,2013 14:15
kalanq

Նա կալանքի տակ է  գտնվում ավելի քան 2 տարի

Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Հենրիկ Գրիգորյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինտերնետային  կայքից 2-10 ԱՄՆ դոլարով գնել է  ԱՄՆ քաղաքացիներին պատկանող եւ ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ (քարտապանի անունը, ազգանունը, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման եւ գործունեության ժամկետը, քարտի CVV եռանիշ կոդը) եւ մտադրություն ունենալով բանկային այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակել՝ 2009թ. նոյեմբեր ամսին ԱՄՆ պարտապանների հաշիվներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2 դրվագներով, հափշտակել է 361 հազար 800 եւ 461 հազար 500 դրամ՝ ընդամենը 823 հազար 300 դրամ գումար: Դրանից 461 հազար 500 դրամ գումարի եկամուտներն օրինականացրել է ( «փողերը լվացել է»), որի հետեւանքով ԱՄՆ բանկերը հափշտակված գումարների հետգանձումների պահանջներ են ներկայացրել հայաստանյան սպասարկող բանկ հանդես եկած «Հայբիզնեսբանկ» ընկերությանը:

Հ. Գրիգորյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի  181-րդ հոդվածի 1-ին մասով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ Հ. Գրիգորյանը դատարանին միջնորդել է  անցկացնել արագացված դատաքննություն, ասելով, որ այդ հարցով խորհրդակցել է իր փաստաբանի հետ, իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է:

Ապրիլի 23-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մուշեղ  Հարությունյանը վճռել է  Հենրիկ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով(« Հափշտակություն, որ կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ») եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով («Հանցավոր ճանապարհով ստացված  եկամուտներն օրինականացնելը» (լեգալացնելը)  եւ նրան դատապարտել է  2 տարի եւ 3 ամիս ազատազրկման: Դատարանը վճռել է Հ. Գրիգորյանից  հօգուտ պետբյուջեի բռնագանձել 461 հազար 500 դրամ: Պատիժը սահմանելիս դատարանը, որպես  պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, հաշվի առել, որ նա  զղջում է   կատարած հանցագործության համար, խնամքի տակ ունի անչափահաս երեխա եւ երկրորդ խմբի հաշմանդամ հայր, դրական է բնութագրվում, հատուցել է  հանցագործությամբ պատճառված անմիջական վնասը:  Քանի որ Հ. Գրիգորյանը փաստացի արգելանք  տակ է 2011թ. փետրվարի 9-ից , ամենայն հավանականությումբ, նա առաջիկա օրերին կհայտնվի ազատության մեջ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930