Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք իրականությանը՝ արձակի ափից

Ապրիլ 27,2013 14:10

Կամ՝ Մարգարիտ Եսայանի «Գժանոց թեժ աշուն» նորատիպ գիրքը

Լույս է տեսել «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող,  ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գիրքը՝ «Գժանոց թեժ աշուն» վերնագրով: Գրքում տեղ են գտել հեղինակի վերջին տարիների գեղարվեստական նոթերը,  պատմվածքները եւ մի փոքրիկ վիպակ: Ստեղծագործությունների մի մասն ընթերցողին է ներկայացված նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Գրքում տեղ գտած պատմվածք-նովելները Մարգարիտ Եսայանը նախ տարածել է իր բլոգում եւ սոցիալական ցանցերում, ավելի ուշ՝ ընկերների խորհրդով մեկտեղել մեկ գրքում:

«Գժանոց թեժ աշուն»-ի առաջաբանում ճանաչված արձակագիր, թարգմանիչ եւ կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանը գրել է. «Ես գիտեմ, որ գետանցի է նման լրագրությունից արձակի անցումը. կամ հաղթահարում ես ալիքը ու սահանք՝ հանդիպակաց ափ հասնում, կամ խոհեմաբար ելման ափ վերադառնում: Բայց նաեւ գիտեմ, որ ո՛չ հանդիպակաց ափ հասնելն է դեռեւս հաղթանակ եւ ո՛չ էլ ելման ափ վերադարձն է պատմություն: Կարեւորը ընթացքում չխեղդվելն է: Թե՛ հաղթանակները եւ թե՛ պարտությունները կայանում են երկու ափերում էլ: Պետք է ենթադրել, որ Մարգարիտը հասել է արձակի ափ, քանզի ոչ վերադարձի լուրն է լսվել, ոչ էլ խեղդվելու բոթը»:

Մարգարիտ Եսայանը գրքի համար իբրեւ բնաբան է ընտրել Իոսիֆ Բրոդսկուց մի չքնաղ պատառիկ՝ «Ժամն է՝ բերան բացել»՝ Ավագ Եփրեմյանի թարգմանությամբ:

Մարգարիտ Եսայանի գրքում իրականն ու երեւակայականը մի տեսակ խառնվել են իրար, բայց մի բան հստակ է՝ մե՛նք են այդ գրքի հերոսները՝ ես, դու, նա, Շամշյանը, Մարգարիտը ու մեր իրականությունը: Մարգարիտի գրքի «հերոս» աշխարհագրական տարածքը պայմանական անուն ունի՝ Քաղաքը: Դա կարող է լինել Երեւանը, Հայաստանը կամ մեկ այլ երկրի մեկ այլ քաղաք, որտեղ մեզ նման մարդիկ են ապրում: Չէ՞ որ ինչ-ինչ պատճառներով գլուխը կորցնելը համամարդկային է, ինքդ քեզ խաբելը՝ նույնպես: Կամ մի՞թե իրական չէ գլխացավը, որը  զգացնել է տալիս քո ներկայությունը այս հողի վրա, ու այն, որ գլուխ ունես ուսերիդ, որը պետք է ողջամիտ գործի, հակառակ դեպքում ժամանակը կանգ կառնի, աշխարհի բոլոր ժամացույցները քեզ կթվան «անաշխատունակ», ինչպես Մարգարիտ Եսայանի ստեղծագործության մեջ: Գրքի  հերոսը, որ հաճախ նույնանում է հեղինակի հետ, երբեմն ճշմարտությունը որոնում է Մարկեսի, Ջոյսի մոտ կամ էլ՝ Աստվածաշնչում: Ու հանգում է նրան, որ ավելի իրական ու սուրբ արժեքներ, քան ընտանիքն է, հայրենիքը, մարդը, չկա, մնում է միայն ընկնող աստղերի առասպելը իրականություն դառնա, որ Աստված զույգ ձեռքով ամուր պահի մահկանացուներիս տրված այդ նվերները ու սրիկայության անսահմանությունը կրճատի:

Մարգարիտի գրքում պատն էլ կարող է միայնակ լինել ու նրան ոչ ոք չհիշի: Բայց արի ու տես՝ պատային մտածողությունն էլ կարող է փոխվել, եթե  սիրո մեջ անփորձ տղաները պատի մոտ անվարժ համբուրեն աղջիկներին ու էլի անվարժ ուրիշ բաներ անեն: Ու դրանից հետո Պատը հետեւություն կանի՝  ինչքան տղան լկտի է պահում իրեն աղջկա հետ, ուրեմն այդքան անփորձ է: Ընդհանրապես գրքում զետեղված բոլոր ստեղծագործություններն առանձին գործեր են, բայց ասես մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը լինի:

Գրքի վերջին նովել-նոթը կոչվում է «Հեքիաթ»: Այն ապրածի ու չապրածի յուրօրինակ արժեւորման մասին է. «Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, մեծանում է, մեծանում է աղջիկն այդ, տարիներն առաջ են գնում, ու աղջիկը մեծանում է: Մեծանում է, դառնում տատիկ:  Առանց գոգնոցի տատիկ, առանց կնճռոտ ձեռքերի տատիկ, առանց գլխաշորի տատիկ: Ու մի օր աղջիկը նայում է հայելու երեսին: Չի ճանաչում իր երեսը… Հայելու միջի կինը նայում է աղջկան, աղջիկը նայում է կնոջը, ու սիրտը ցավում է… Կինը լուռ լաց է լինում, աղջիկը սրբում է կնոջ արցունքները եւ թաց ձեռքը մաքրում տատիկի գոգնոցով, որը դրված էր աթոռին: Ի վերջո, հայելու երեսը քրտնեց այս սրտաճմլիկ տեսարանից եւ որոշեց այլեւս ոչինչ ցույց չտալ»…

Մարգարիտ Եսայանը մի զրույցի ժամանակ ասաց, որ չի պատրաստվում վաճառել իր գրքերը, ուղղակի կուզենար,  որ դրանց համար սիմվոլիկ գումար տրվեր ու հասույթն էլ ուղղվեր ծերանոցներից մեկի կարիքները հոգալուն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930