«Առավոտը» 24.04.2012-ի՝ «Ոստիկանի՝ «Ս… էղի» խոսքերը հրաման-հրանգ պահանջներով էին» հրապարակմամբ անդրադարձել էր Կադաստրի պահակակետի ոստիկանի՝ քաղաքացի Կ. Հեքիմյանի նկատմամբ անվայելուչ պահվածքին: Մասնավորապես՝ նշել էինք, որ քաղաքացու՝ ոստիկանին ներկայանալու խնդրանքին, ոստիկանը պատասխանել է՝ «Ս… էղի»: Քաղաքացին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին նամակ էր գրել եւ ներկայացրել տեղի ունեցածը, սակայն ներքին անվտանգության ծառայությունից նրան պատասխանել էին՝ «…ոստիկանները իրենց ծառայողական պարտականությունները կատարել են սահմանված հրաման-հրահանգի պահանջներին համապատասխան եւ կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետեւանք»:
Կ. Հեքիմյանը կրկին նամակ է ուղղել ոստիկանապետին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին՝ «Արդյոք «ս….. էղի» բառն օգտագործելը հրաման-հրահանգի պահանջներին համապատասխա՞ն է: Արդյոք այդ բառը վիրավորական չէ՞, ո՞ւմ նկատմամբ կարելի է այն օգտագործել, կարո՞ղ է ՀՀ քաղաքացին այդ բառն օգտագործել ոստիկանի հետ շփվելիս»: Քաղաքացու հարցերին ոստիկանությունից երկար ժամանակ չէին պատասխանել, սակայն մեր հրապարակման հաջորդ օրը Կ. Հեքիմյանին պաշտոնական պատասխան են տվել. «ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված 20.03.2013 թ. թվագրված ձեր գրությունում առաջ քաշված հարցերն անհեթեթ են, ուստի ներքին անվտանգության վարչությունը պարտավոր չէ պատասխանել»:
«Առավոտ» օրաթերթ