Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի վերջին օրերին էլ ամուսնու ոսկորներն է փնտրել

Ապրիլ 27,2013 13:57
4-DSC03001

Տիկին Ռոզան՝ Մկրտիչ Այվազյանի կինը՝ Արցախյան պատերազմից հետո:

 

DSC03032
Դավիթն ու տիկին Ռոմելան ընտանեկան ալբոմից առանձնացնում էին պապի նկարները:
2-DSC03019

Մակիչը աղջկա՝ Ռոմելայի եւ եղբոր ընտանիքի հետ:

Դավիթի ընտանիքի, մոր՝ տիկին Ռոմելայի հետ հանդիպելուց առաջ ինձ մեղավոր էի զգում, որ իմ հարցուփորձով կրկին թարմացնելու եմ 20 տարուց ավելի նրանց սիրտը մաշող պատմությունը: «Ես ինձ կյանքում չեմ կարող ներել, պետք է ես գնայի ու հորս համոզեի բերեի»,- առանց աչքերը բարձրացնելու՝ մեղավորության զգացումը հոգում «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռոմելա Այվազյանը: Քաջ գիտակցելով, որ տարեցտարի նվազում է հորը կենդանի գտնելու հնարավորությունը, տիկին Ռոմելան ամեն օր, ամեն ժամ պատկերացնում է հոր՝ Մկրտիչ Այվազյանի հետ երեւակայական հանդիպումը: Եվ դա այնքան ժամանակ է այդպես լինելու, քանի դեռ հարազատները մի հավաստի լուր չունենան ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհետ կորած Մկրտիչ Այվազյանից կամ ինչպես ընտանիքի անդամներն են նրան կոչում՝ Մակիչից: Նրա կինը՝ Ռոզա Օսեպյանը, ամուսնուց բաժանվել է 1992 թվականի հուլիսի 4-ին՝ Մարտակերտի կաթի գործարանի տարածքում, երբ ադրբեջանական կողմի անդադար ռմբակոծությունների պատճառով ամուսինները հազարավոր մարտակերտցիների եւ հարակից գյուղերի բնակիչների հետ բռնել են գաղթի ճամփան:

«Պապս Մարտակերտի գլխավոր անասնաբույժն էր, ցեղական, ընտիր ոչխարներ էր պահում, որոշել է հետ դառնալ ու իր ոչխարներին էլ հետը բերել: Մի քանի տարի առաջ թուրքերը (այդպես են կոչում ադրբեջանցիներին,- Լ. Բ.) արոտավայրից գողացել էին 40 մայր ոչխարներին՝ գառները թողնելով անտեր: Մակիչ պապս Երեւանից կաթի փոշի էր բերել տվել եւ այդ 20 գառնուկներին ամեն օր, օրը մի քանի անգամ փոքր երեխայի պես շշերով կերակրել է: Հենց նրանց հետեւից էլ գնացել էր այդ օրը»,- պատմում է տիկին Ռոմելայի որդին՝ Դավիթը: Նա Մկրտիչ Այվազյանի ամենամեծ եւ միակ տղա թոռն է:

Ծնունդով Մարտակերտից, ռուս-ֆիննական եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներով անցած եւ արիության մեդալներով պարգեւատրված Մկրտիչ Այվազյանը՝ փայլուն պատկերացնելով հրետակոծության ժամանակ ռազմի դաշտում գտնվելու վտանգավորությունը, չի լսել կնոջ՝ իրեն մենակ չթողնելու խնդրանք-աղաչանքները եւ հետ է դարձել: «Երկար ճանապարհ ենք գնալու, գնամ ոչխարներին բերեմ, որ ճանապարհին մորթենք ու մարդկանց կերակրենք»,- կնոջն ասել է Մակիչն ու գնացել:

Աներոջը փրկելու համար այդ օրը՝ ժամեր անց, Երեւանից ավտոմեքենայով Մարտակերտ է հասել նրա փեսան՝ տիկին Ռոմելայի ամուսինը, սակայն հենց նույն կաթի գործարանի մոտ փեսային ճանաչող մարտակերտցիներից մեկը ասել է՝ «Մակիչը խի նո՞ր է անցել, գնացել», ու ինքն է նստել մեքենան:

Ավելի ուշ Մկրտիչ Այվազյանի հարազատները հասկացել են, որ այդ մարդն ընդամենը իր կյանքը փրկելու համար է տիկին Ռոմելայի ամուսնուն ապակողմնորոշել, քանի որ գաղթի ճանապարհին հարցուփորձ անելուց հետո պարզվել է, որ ոչ ոք Մակիչին չի տեսել:

Այդ օրվանից ի վեր Մակիչի ընտանիքը ամեն օր սպասել է նրա վերադարձին: Տարիների ընթացքում Մակիչի մահվան մասին հավաստի լուր չունենալն էլ ավելի է ամրապնդել ընտանիքի հույսը, որ նա կենդանի է. «Սկզբում մտածում էինք՝ ոչխարները քշելով գալիս է, այսօր չէ՝ երեւի վաղը կհասնի: Հետո մտածում էինք, որ ինքը լավ ճանաչված անասնաբույժ էր տարածաշրջանում, ու երեւի թուրքերը գերի են վերցրել ու պահում են: Ոչ ոքի ասածին չէինք հավատում, այդպես մեզ հույս տալով՝ մինչեւ վերջերս սպասում էինք»,- ասում է տիկին Ռոմելան: Նրա խոսքերով. «Երբ Մարտակերտը հետ վերցրին, այս տարիների ընթացքում ապրելու ամենաուժեղ ձգտումը մորս մոտ էր, որ հետ դառնա ու Մակիչի տունը անտեր չթողնի: Տարբեր մարդկանցից լսել էինք, որ հորս տեսել են մահացած կողքի գյուղերից մեկի բնակիչները, որոնք շատ լավ ճանաչել են հորս, նույնիսկ պատմել են, թե թթենու այգիներում փոս են փորել ու նրան թաղել: Այդ ամենի մասին մորս չէինք ասում՝ խնայում էինք: Բայց պարզվում է՝ ինքն էլ իր ծանոթ մարտակերտցիներից էր լսել ու մեզ չէր ասում: 95-ին մայրս չդիմացավ, հետ գնաց Մարտակերտ: Մինչեւ վերջ մաքրել էր ռմբակոծությունից ավերված մեր տան տարածքը, հողը ձեռքերով էր փորում: Այդ ապրումներից մայրս էլ հիվանդացավ, անգամ վիրահատությունից հետո մեզնից թաքուն՝ բահը վերցնում էր ու գնում հողը մշակելու՝ սրտի խորքում հույս փայփայելով, որ ամուսնու ոսկորները գտնելու է:

Մորս վիշտը փոքր-ինչ թեթեւացնելու համար ամուսինս իմ հայրական տունը վերակառուցեց՝ ռմբակոծությունից հետո կանգուն մնացած միակ պատը թողնելով այնպես, ինչպես կա. ասում էր՝ Մակիչի ձեռքով է սարքած»:

Մակիչի ոսկորները թթենու այգիներից էլ չեն գտել, քանի որ, ինչպես Դավիթն է նկարագրում, այն հսկայական տարածք է, եւ մարդիկ, որոնք ասել են, թե պապը թաղված է այդ այգիներում, որեւէ կոնկրետ վայր չեն մատնանշել:

Մակիչի կնոջ՝ տիկին Ռոզայի մահվանից հետո Մկրտիչ Այվազյանի հարազատները Մարտակերտում գերեզման են հիմնել նաեւ Մակիչի համար՝ այնտեղ թաղելով նրանից մնացած հագուստը: «Ամեն առիթով այցելում ենք ու մեզ համար մի փոքր մխիթարություն գտնում»,- ասում են նրանք:

Արցախյան պատերազմը Դավիթից խլել է պապենական տունը, Մակիչ պապին, Ռոզա տատի առողջությունը, մոր՝ տիկին Ռոմելայի հոգեկան հանգստությունը, բայց ոչ մանկական հիշողությունները. «Ընդգծված ռուսամետ, կոմունիստական հստակ գաղափարներով, ֆիզիկապես ուժեղ եւ խիստ, բայց անսահման բարի մարդ էր պապս: Ամբողջ շրջանում մեծ հարգանք էր վայելում: Որպես պատերազմի մասնակից ամեն տարի հրավիրում էին Լենինգրադ՝ հաղթանակի օրը նշելու: Նա էլ է մասնակցել Լենինգրադի ազատագրմանը: Ամեն անգամ Երեւանով էր հետ գալիս եւ մեկ օրից ավելի մեր տանը չէր մնում, սրտատրոփ ուզում էր հետ գնալ Ղարաբաղ: Մեջս մի բան էլ է վառ տպավորվել. երբ մեր գյուղացիները անասուններին արոտավայր էին տանում, միշտ նախիրի հետեւից էին գնում, բայց պապս միշտ ոչխարների հոտի առջեւից էր գնում: Հարցնում էինք՝ ինչո՞ւ դու էլ բոլորի պես նախիրի հետեւից չես գնում, ասում էր՝ մեզնից ո՞վ է խելոքը՝ ե՞ս, թե՞ ոչխարը»,- պատմում է Դավիթը:

1992-ին Մկրտիչ Այվազյանը 76 տարեկան է եղել, այսօր նա կլիներ 97: Մակիչի թոռներն ամուսնացել են, երեխաներ ունեցել: Ծոռները լսել են մեծ պապիկի մասին, նրան ճանաչում են լուսանկարներով, բայց մանրամասներ չգիտեն նրա՝ անհետ կորելու մասին. Դավիթն ասում է՝ կմեծանան կպատմենք:

«Դա մի աննկարագրելի ցավ է, երբ 20 տարի սպասում ես անհետ կորած հարազատիդ, այդ տարիները անցկացնում ես քեզ մեղադրելով»,- խորը շունչ քաշելով՝ իր ապրումները նկարագրում է տիկին Ռոմելան:

«Ե՛վ սոցիալական, ե՛ւ նյութական հարցերը լուծելի են, բայց մենք եւ մեզ պես շատ մարդիկ, որոնք ընտանիքներում անհետ կորած ունեն, հոգեբանական ծանր վիճակը կհաղթահարեն միայն այն դեպքում, երբ պետությունը գոնե բարոյական աջակցություն ցուցաբերի: Այսօր այդ ընտանիքները չեն ստանում այդ աջակցությունը, այդ պատճառով էլ իրենց մեղավոր են զգում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մարդկանց մեղքը դրանում չկա, բայց պետությունն էլ միջոցներ չի ձեռնարկում, որ մարդկանց բացատրի, որ այդ ամենը պատերազմի հետեւանքով է եղել: Այդ պատճառով էլ մարդիկ մեղքն իրենց վրա են վերցնում, մեղավորության զգացումը մարդկանց խեղդում է: Մեղքը մնացել է մարդկանց ուսերին: Մարդ կա, որ իր մորը գցել է ուսապարկի մեջ ու բերել հասցրել է Երեւան, բայց մարդ կա, որ չի կարողացել հասնել իր ծնողին, եւ քանի որ մարդուն չեն ասում, որ դա պատերազմի հետեւանքով է եղել, մարդը մեղքը վերցնում է իր վրա»,- ասում է Դավիթը, որն այդ 20 տարիների ընթացքում մոտ հետ կիսել է այդ մեղքի զգացողությունը: Դավիթի պատմելով՝ իրենց բախտն այնքանով է բերել, որ հայրը այնպես է կազմակերպել ընտանիքի առօրյան, որ տանը միշտ իրարանցում է եղել, որպեսզի կինը՝ Ռոմելան, եւ ընտանիքի մյուս անդամները իրենց մեջ պարփակվելու եւ վշտին տրվելու ժամանակ չունենան. «Մենք ժամանակ չունեինք մտածելու դրա մասին, սկզբի տարիները օգնում էինք Մարտակերտից գաղթած մյուս մարդկանց, Ռոզա տատիկիս վրա էլ էր պարտականություններ դրել, որ զբաղվի եւ չպարփակվի իր մեջ»,- պատմում է Դավիթը: Նրա համոզմամբ՝ «եթե այդպիսի ընտանիքներին ինչ-որ բան էլ պահել է, որպեսզի վերջնականապես չհուսալքվեն, ապա դա պատերազմում մեր հաղթած լինելն է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930