34-ամյա Աբդուլվահաբ Մեհմեդ Սիդիքի Չաքանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական սահմանը ապօրինի հատելը, խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Այսպես, ըստ մեղադրանքի, նա 2013թ. հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության Կարսի նահանգի Դիգորի շրջանի Հայաստանին սահմանամերձ Հալիկիշլակ գյուղից՝ հասնելով հայ-թուրքական պետական սահմանին, անցնելով Ախուրյան գետը և հաղթահարելով ՀՀ պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելանքները, N զորամասի հսկողության տակ գտնվող N սահմանային նշանի տարածքով առանց պատշաճ թույլտվության ապօրինի հասել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Նույն օրը ժամը 12:35-ի սահմաններում սահմանախախտ հարևանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բագարան գյուղում բնակիչների կողմից, որոնք էլ ներկայացրել են նրան վերոհիշյալ զորամաս:
Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին: