Ի հեճուկս Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի ու իր հարցումների՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հայտարարում են անակնկալ արդյունքների մասին:
«Գեւորգ Պողոսյանները մեր երկրում շատ են, ու իրենք ամեն օր սոցհարցումներ են անում, ամեն օր մի բան հրապարակում են: Դա ինձ համար հիմք չի հանդիսանում: Ու քարոզարշավի ընթացքում նման հարցումների հրապարակումը, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն, խաթարում են բնականոն քարոզարշավը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Բանն այն է, որ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների համաձայն, որոնց արդյունքները երեկ Մամուլի ազգային ակումբում հրապարակեց ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, ավանդական հարցին՝ ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 1000 հարցվածների 48,3 տոկոսն ասել է՝ ՀՀԿ-ին, 16,1 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 8,4-ը՝ «Բարեւ Երեւան»-ին, 4,4-ը՝ ՀԱԿ-ին, 4,2-ը՝ ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին՝ 2,2 տոկոսը: Փաստորեն, առաջատարը ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն են, իսկ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի գործը, ըստ սոցիոլոգի, բարդ է. նրանք «վտանգավոր շեմին են» եւ հնարավոր է՝ ներկայացված չլինեն Երեւանի ավագանիում: ԲՀԿ-ին առավել կողմնակից են կանայք եւ երիտասարդները, «Բարեւ Երեւանին»՝ տարեցները, իսկ ՀՀԿ-ին՝ միջին տարիքի մարդիկ: Անկախ կուսակցական պատկանելությունից՝ 57 տոկոսը նշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կցանկանար տեսնել Տարոն Մարգարյանին, 12,7 տոկոսը՝ Վարդան Օսկանյանին, 6,1-ը՝ Արմեն Մարտիրոսյանին, 4,7-ը՝ Արմեն Երիցյանին, 4,3-ը՝ Վահագն Խաչատրյանին եւ 2 տոկոսը՝ Արմեն Ռուստամյանին: 20 տոկոսը լիովին գոհ է գործող քաղաքապետի աշխատանքից, 44,6 տոկոսը հիմնականում բավարարված է:
Բացի այդ, որ ՕԵԿ-ում չեն վստահում այս սոցհարցումներին, ունեն սեփական կանխատեսումները: Համաձայն դրանց՝ «Մենք հաղթելու ենք, դեռ մի բան էլ ավելին»,- ասաց Հեղինե Բիշարյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ վճռական հաղթանակի մասին հայտարարություններ անելիս տիկին Բիշարյանին չի՞ կաշկանդում այն, որ բացարձակ առաջատարի տեղում կոալիցիոն ՀՀԿ-ն է: «Մեզ ոչինչ չի կաշկանդում: Մենք անկախ քաղաքական թիմ ենք եւ մեր որոշումներով առաջ ենք գնում: Ի՞նչ կապ ունի կոալիցիան: Եթե ՀՀԿ-ն հաջողություն ունի՝ թող ունենա, ի՞նչ խնդիր է»: Տիկին Բիշարյանը հետաքրքրվեց, թե ինչ ենթատեքստ ուներ հարցը, եւ ինչու ՕԵԿ-ը պետք է կաշկանդվեր: Նկատեցինք, որ հասարակական ընկալմամբ՝ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար «մեծ եղբոր» դերակատարում է ստանձնել, ինչը վրդովեցրեց մեր զրուցակցին. «Ձեր ընկալումը ձեզ նման մտածողների համար է էդպես: Իրականում, յուրաքանչյուրս մեր տեղն ունենք, եւ ոչ մեկը ոչ մեկի ոչ եղբայրն է, ոչ էլ քույրն է: Ընկալումն է սխալ, որի արդյունքում նաեւ սխալ մտածելակերպ է առաջանում: Մենք ընդամենը կոալիցիոն գործընկերներ ենք, բայց յուրաքանչյուրն իր համար է աշխատում»:
Ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նման սոցհարցումը մեկ նպատակ ունի՝ արդարացնել իշխանությունների կողմից իրականացվելիք ընտրախախտումները եւ ամրագրել այն արդյունքը, որն իշխանությունը ցանկանում է ստանալ: «Ես Հայաստանում անցկացվող սոցհարցումներին չեմ հավատում: Ես գիտեմ մեր հասարակության տրամադրությունները, եւ երբ ինձ ասում են, որ ՀՀԿ-ն Երեւանում ունի, օրինակ, 48 տոկոս ձայն, ես դրան չեմ հավատում»,- ասաց պարոն Վարդանյանը՝ հավելելով, որ իր համար անվստահելի են նաեւ այդ սոցհարցման մյուս արդյունքները: Մեր զրուցակիցը վստահ է, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն անսպասելի շատ ձայներ է հավաքելու: Ի դեպ, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նկատեցին, որ սոցհարցումները Հայաստանում ոչ հանրության, ոչ էլ, առավել եւս, ընդդիմադիր ուժերի մոտ հավատ չեն ներշնչում, պարոն Պողոսյանը հեգնեց՝ ասելով, որ սոցհարցումները թանկ հաճույք չեն, եւ ընդդիմադիրներն իրենք կարող են սոցհարցումներ պատվիրել եւ հրապարակել դրանց արդյունքները: Նույնիսկ զարմացավ, թե ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքական ուժերը սոցհարցումներ չեն պատվիրում կամ չեն հրապարակում պատվիրված հարցումների արդյունքները: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե մենք պիտի պատվիրենք, իրենք դրա դիմաց փող ստանան եւ մեզ համար դրական բան ցույց տան, դա մեզ համար ընդունելի տարբերակ չէ: Մենք աշխատում ենք, մեր քարոզչությունն ենք անում, հավատում ենք, որ մեր բնակիչները օր օրի ավելի լավ են ճանաչում մեզ, երբ համեմատում են մյուս կուսակցությունների հետ: Եվ կարծում եմ, որ արդյունքը շատ դրականի է գնում: Մնացածը երկրորդական բան է»: Պարոն Վարդանյանն ասում է, որ ՀՅԴ-ն էլ իր ուսումնասիրություններն է իրականացնում՝ներքին օգտագործման համար, գուցե ոչ այնքան «պրոֆեսիոնալ», ինչքան հրապարակվածն է, ու իր համար ակնհայտ է, որ իշխող կուսակցությունն այսօր շատ ցածր վարկանիշ ունի:
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանն էլ խորհուրդ տվեց պարզապես անտեսել նման սոցհարցումները՝ դրանց անցկացման եւ արդյունքների նկատմամբ բարոյական պատասխանատվությունը թողնելով հարցումն իրականացնողների վրա: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին բնավ չեն հետաքրքրում սոցհարցումները եւ ընտրությունների հավանական արդյունքները նախապես իմանալու գայթակղություն չունեն, քանի որ քաղաքական հարաբերություններում նման հարցումները հիմնված են պատվիրատու-գումար-կատարող առանցքի վրա, եւ ըստ պատվիրատուի վճարած գումարի՝ նկարվում է այն, ինչը նկարվում է: Նրա կարծիքով՝ հայաստանյան իրականության մեջ փոքրիշատե հավաստի կարող են լինել միայն դեմ առ դեմ անցկացված հարցումները, երբ հարցնողն ու հարցվողը ճանաչում, վստահում են միմյանց եւ գաղտնիություն պահելու շուրջ համաձայնության են գալիս: Հեռախոսային հարցումները, տիկին Թադեւոսյանի համոզմամբ, խեղաթյուրված պատկեր են ներկայացնում: Նա հիշեցնում է, որ նախագահական ընտրությունների շեմին էլ էին նման հարցումների արդյունքներ հրապարակվում, մինչդեռ անգամ պաշտոնական տվյալները հակառակ պատկերը ցույց տվեցին: Իսկ այն, որ կուսակցությունների լիդերները չեն գլխավորում ընտրական ցուցակները, տիկին Թադեւոսյանը նաեւ օրինաչափ է համարում այն իմաստով, որ ընտրություններին մասնակցող ուժերն այդպիսով հավասար պայմաններում են լինում: «Ընտրողը պետք է հույս կապի երեւանյան ընտրությունների արդյունքների հետ: Երեւանում պետք է կատարի իր ուզած հեղաշրջումը՝ արդար, ազատ ընտրությունների միջոցով, հետո նոր կփորձենք ամբողջ հանրապետությունը մաքրել ընտրակեղծարարներից»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ