Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, քայլելը օգտակար է առողջությանը. Գուրգեն Արսենյան

Ապրիլ 27,2013 12:05

Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Գուրգեն Արսենյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասաց, թե համաձայն է ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեսակետի հետ, որ քայլելը, վազելը օգտակար են առողջության համար: Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները թույլ չէին տվել գնալ պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով, իսկ նախօրեին ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել էր, թե ոստիկանները շատ ճիշտ են վարվել, և որ քայլելն օգտակար է առողջության համար:

– Պարոն Արսենյան, ոստիկանապետը հայտարարություն արեց Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանի միջադեպի հետ կապված` ասելով, որ ոստիկանները շատ ճիշտ են արել, և որ քայլելը օգտակար է առողջությանը: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը դրա վերաբերյալ:

– Ինչի՞ վերաբերյալ, որ քայլելն օգտակար ա առողջությա՞նը: Կիսում եմ նմանատիպ մոտեցումը, որովհետև քայլելը, վազելը, սպորտով զբաղվելը օգտակար է առողջությանը:

– Այսինքն` Դուք համամի՞տ եք, որ ոստիկանները ճիշտ են արել` փակելով Գագիկ Ծառուկյանի ճանապարհը:

– Ոստիկանները Գագիկ Ծառուկյանի ճանապարհը չեն փակել: Նմանատիպ միջադեպ, որի մասին թմբկահարեցիք բոլոր լրատվամիջոցներով Եղեռնի օրը, համարում եմ, որ դա արդեն ծանծաղության դրսևորում ա, մարդկային ծանծաղության, որ Եղեռնի օրը զբաղված են մարդիկ նրանով, ինչ որ վերաբերվում ա հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր որ զոհվել են, և ոչ թե, ասենք, մի հատ թեթև միջոցառման կամ միջադեպի, որը որ համարում եմ, միջադեպ չի էլ եղել, դարձնել ինտերնետի ու լրատվական կայքերի սենսացիան: Պրոբլեմ ա արդեն երկրում:

– Պարոն Արսենյան, նույն Գագիկ Ծառուկյանի խոսնակը` Իվետա Տոնոյանը, հայտարարություն էր տարածել, որ ոստիկանությունը պետք է պարզաբանում տա միջադեպի հետ կապված:

– Ես իմ կարծիքն ասացի ընդհանրապես էդ միջադեպի հետ կապված և էդ օրվա խորհրդի հետ կապված: Դա իմ անձնական տեսակետն ա, որը որ ես պնդում եմ:

– Այսինքն` ոստիկաններն իրենց սխալ չե՞ն պահել:

– Ոստիկանները գտնվում էին ոստիկանական գործառույթների շրջանակում, մենք էլ որպես մարդիկ, որ գնացել էինք ծաղիկ դնելու Եղեռնի զոհերի հուշահամալիրին, գտնվում էինք մեր գործառույթների շրջանակում:

– Ձեր կարծիքով` ոստիկանապետի հայտարարությունը տեղի՞ն էր, որ ճիշտ է վարվել ոստիկանությունը:

– Գուրգեն Արսենյանն իր տեսակետն է ասում, ոստիկանապետն իր տեսակետն է ասում, ԵՄ գլխավոր քարտուղարն իր տեսակետն է ասում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր տեսակետն է ասում: Ամեն մեկն իր տեսակետն ասելու իրավունք ունի:

– Փաստորեն, այսօր Գագիկ Ծառուկյանը չի հանդիսանում այլևս պաշտոնյա, և նրա դեմ միջոցներ են կիրառվում:

– Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է Հայաստանի ԱԺ իր մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարը:

– Սակայն ոստիկանությունը, փաստորեն, տարանջատում է նրան մյուս պաշտոնյաներից:

– Ոստիկանությանը ուղղեք ձեր հարցերը: Եթե տարանջատման վերաբերյալ գրավոր կամ բանավոր հրահանգ կա, ցանկալի կլինի, որ ոստիկանությունն ասի դրա վերաբերյալ, թե ինչը ինչից է տարանջատում, երբ ու ոնց է նայում:

 
Մարինե Խառատյան
«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930