Ի պատասխան Քանաքեռ բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ «իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ»՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք եւ անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի: Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան եւ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այդ հայտարարության վերաբերյալ երկու դիտարկում արեց: Նախ, ինչ վերաբերվում է «գրոշներին». «Երբ մեր գործընկեր կուսակցությունը բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հիմնարկ-ձեռնարկություններում ցուցակագրում է անում, ինչը պաշտոնապես հաստատեց ՀՀԿ ավանդական փոխնախագահներից մեկը` «Ա1+»-ին տված հարցազրույցում, բնականաբար, դա չի անում մայիսի 5-ի ազատ եւ արդար ընտրությունների կապակցությամբ մարդկանց շնորհավորական բացիկներ ուղարկելու համար»:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ականներին վրդովվեցրած այն հայտարարությանը, որ
«իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ», տիկին Զոհրաբյանն ասաց. «Քանի որ դասականներին ցիտելը մեզանում ավանդույթ է դարձել, ես ընդամենը մեջբերել եմ ՀՀԿ ԳՄ անդամ, երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն իր հայտնի հարցազրույցում, ըստ էության ասել էր նույն միտքը»:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը, մասնավորաբար, այսպիսի կարծիք էր հայտնել արտագաղթի մասին, որ եթե մարդիկ չփախչեն, կրիտիկական զանգվածը կմնա այստեղ ու կանի հեղափոխություն:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, այս միտքը հատուկ վերծանման կարիք չունի: Այն հաստատում է հանրահավաքում իմ հնչեցրած այն միտքը, որ այո, իշխանություններին բարեկեցիկ քաղաքացի պետք չէ, որովհետեւ բարեկեցիկ քաղաքացին հրապարակներում եւ ամենուր պահանջելու է իր իրավունքների պաշտպանություն: Իսկ եթե երիտՀՀԿ-ական շտաբին վրդովվեցրել է իմ եւ պարոն Օսկանյանի նմանօրինակ հայտարարությունը եւ եթե երիտՀՀԿականների շտաբը խիստ անաչառ է, կարծում եմ, մի հայտարարություն էլ պետք է ընդունեն իրենց ավագ գործընկերոջ վերաբերյալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ 1in.am-ից
Անկեղծ ասած երկու կուսակցություններն էլ մի բան չեն, մեկը մյուսին արժանի, իսկ երկուսը միասին ոչ իշխանություն, ոչ էլ ընդիմություն կոչվելու արժանիքներ չունեն: Հայաստանյան քաղաքական դաշտը կեղծիքներով խաբեությամբ ու անբարոյականությամբ են հագեցրել: Ոչ մի գաղափարախոսություն` մեկը Նժդեհի անունով պատսպարված ամայացնում է երկիրը, մյուսն էլ սուտ ընդիմություն խաղալով նպաստում առաջինի իշխանության վերարտադրումներին: