Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Գյումրեցին այլեւս հանդուրժել չի կարող»

Ապրիլ 27,2013 10:34

Հատվածներ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Որտեղի՞ց է գալիս այդ երկարատեւ թշնամանքը Գրիգորյանների ու Վարդանյանների ընտանիքների միջեւ, ինչն այսօր վերաճել է վրեժխնդրության:
-Չէ, նախորդ դարից եկած թշնամանք չկա, չնայած արմատները խորն են: Այդ երկու ընտանիքները 7-8 տարի առաջ շատ մտերիմ հարաբերություններ ունեին: Բայց հակասություններն, ըստ իս, սկսվեցին 2008-ին Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, երբ Մարտին Գրիգորյանն առաջադրեց իր թեկնածությունը:
Սրա հետ միաժամանակ, չեմ կարողանում հասկանալ. ի՞նչ կար նրանց մեջ կիսելու, որ չկարողացան կիսել, կամ ի՞նչը պետք է կիսեին:
-Քաղաքապետի պաշտոնը, քաղաքական, տնտեսական շահերը եւ այլն:
-Համաձայն եմ, որ տարիներ առաջ հակասությունները դրանից սկսվեցին, բայց այսօր կատարվածն այլեւս քաղաքական, տնտեսական շահերով պայմանավորված չէ, ոչ էլ կա ֆինանսական միջոցների բաժանման հարց:
Անհասկանալի է, թե հիմա՞ ինչ են մեկմեկուց ուզում, երբ երկու կողմն էլ հասարակության մեջ ունեն իրենց տեղն ու դիրքը, կիսելու ու բաժանելու բան չունեն, ամեն մեկն իր գործն ունի, այնպիսի իրավիճակ չէ, որ մեկը մեկից բան է ուզում, մյուսը չի տալիս, ու գործը հասնում է կրակոցների, մարդասպանության: Չգիտեմ, «ինչո՞ւ» հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել:
-Կարծիք կա, թե կան ուժեր, որոնք երկու խմբավորումների միջեւ միտումնավոր բախում են հրահրում: Մանավանդ ասվում է, թե վերջին շրջանում երկու ընտանիքները գիտակցաբար «զինադադար» էին կնքել:
-Գուցեեւ կան այդպիսիք, որոնց ձեռնտու է երկուսին իրար դեմ հանելը, գուցե փորձում են ցույց տալ, թե իրենք էլ ամենակարող են: Ենթադրությունները տարբեր են: Բայց փաստ է, որ ձնագունդն այնքա՜ն է մեծացել, որ այսօր արդեն դժվար է անգամ ասել, թե ո՞վ կամ ի՞նչն է շարունակվող հակասությունների պատճառը:
Ցավալին այն է, որ դա վերաճել է վրեժխնդրության: Հայը հայի նկատմամբ իրավունք չունի նման վերաբերմունք դրսեւորել, դա անընդունելի է ու մերժելի:
-Մինչեւ ե՞րբ պետք է թասիբով գյումրեցին իր քաղաքում հանդուրժի նման վիճակներ` կլանների ու գողականների առճակատումներ:
-Շատ կարեւոր հարց տվեցիք, այո, գյումրեցին այլեւս հանդուրժել չի կարող:
Իսկ դրա համար այսօր պետք է տրվի կատարվածի հստակ գնահատականը: Համոզված եմ, եթե դա արվեր ժամանակին, ապա տեղի չէր ունենա հերթական ողբերգությունը:
Ժամանակն է, որ լսվի քաղաքի արվեստագետների, մտավորականների բողոքի ձայնը: Վատ արարքները պետք է համարձակորեն քննադատվեն ու ենթարկվեն հասարակական պարսավանքի: Միայն համատեղ ուժերով կկարողանանք շտկել իրավիճակը եւ ապացուցել, որ Գյումրին երբեւէ կրիմինալ, կրակոցների քաղաք չի եղել, եւ որ դա հարիր չէ մշակութասեր ժողովրդին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930