Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգա՞մ էլ ընտրողն անակնկալ կմատուցի մեր սոցիոլոգներին

Ապրիլ 27,2013 10:27

Եթե հիշում եք` նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների առումով սխալվեցին բոլոր սոցիոլոգներն ու սոցիոլոգիական հարցումները, որոնցից ոչ մեկը 20 տոկոսից ավելի ձայն չէր տալիս Րաֆֆուն: Պիտի մտածենք` կամ սոցիոլոգիան Հայաստանում ճիշտ մեթոդոլոգիա չի կարողանում կիրառել, կամ այս կամ այն պատճառով ուզում է ազդել արդյունքների վրա եւ կանխակալ թվեր է ստանում, կամ, իսկապես, հայ ընտրողն այնպես է փոխվել վերջին շրջանում, որ անակնկալի է բերում սոցիոլոգներին` քանի որ քաղաքական եւ հասարակական միջավայրն ու ակնկալիքներն են փոխվել, իսկ ընտրողը սովորել է թաքցնել կողմնորոշումները եւ սոցիոլոգիային խաբս է տալիս: Սակայն սոցիոլոգիական հարցումների մի շարք մեթոդներ հենց նրա համար են, որ բացահայտեն ոչ միայն օրինաչափությունները, այլեւ շեղումները եւ դրանց պատճառները: Այլապես, սոցիոլոգիան կարող է այնպես արժեզրկվել (եւ արժեզրկվել է) Հայաստանում, որ մի քանի սերունդ պետք կլինի` նրա հեղինակությունը վերադարձնելու համար: Հիմա, ինչպես ասում են, մեր սոցիոլոգների համար ավագանու ընտրությունները վերջին շանսն են վերականգնելու իրենց կորսված հեղինակությունը, քանի որ ընտրությունների առումով հինգ տարի այլեւս այդ շանսը չեն ունենան: Իսկ որպեսզի տեսնենք, թե մեր սոցիոլոգներն ինչպես օգտագործեցին վերջին շանսը` մի զուգահեռ տանենք երկու ամենահայտնի սոցիոլոգիական կազմակերպությունների եւ նրանց ղեկավարներ Գեւորգ Պողոսյանի եւ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած վերջին հարցումների արդյունքների միջեւ:

Ըստ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի (Գեւորգ Պողոսյան), եթե այս կիրակի ընտրություններ լինեին` ՀՀԿ-ի օգտին կքվեարկեր 1000 հարցված երեւանցիների 48,3 տոկոսը, իսկ կոնկրետ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին քաղաքապետ տեսնելու հակված է հարցվածների 53, 6 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին, ըստ Գ. Պողոսյանի, 18, 1 տոկոսը կքվեարկի, 7,4 տոկոսը ձայն կտա «Բարեւ, Երեւանին», ՀԱԿ-ին ձայն տալու է պատրաստ 4,4 տոկոսը (սա լրիվ անհասկանալի թիվ է), ՕԵԿ-ին` 4,2 տոկոսը, ՀՅԴ-ին` 2,2 տոկոսը: Սա ապրիլի 19-ից 25-ի շրջանի հարցում է: Հարցման մասնակիցների պատասխաններից Գ. Պողոսյանը եզրակացրել է, որ Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ:

Ընդ որում` հարցվածների 80 տոկոսը հաստատել է, որ մասնակցելու է ընտրություններին, մինչդեռ սոցիոլոգի կարծիքով նույնիսկ 60 տոկոս մասնակցությունը, որն, ի դեպ, անձամբ ինքն է կանխատեսում, էլի բարձր է: Միգուցե հենց այդ ակտիվության տակ պետք է փնտրել այն ձայները, որոնց մասին հարցվողները չեն ասում սոցիոլոգներին ու պահում են որպես անակնկալ` սոցիոլոգների արածն էլ ջուրը լցնելով: Սոցիոլոգն էլ այդ հնարավոր ակտիվությունը կապում էր այն փաստի հետ, որ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերն այժմ մասնակցում են, բարձր տոկոս սպասվում է նրանց համակիրների մասնակցությունից: Չնայած` ընդհանրապես ամենից բարձր մասնակցություն սովորաբար գրանցվում է նախագահական ընտրություններին, անգամ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ ընտրություններում սովորաբար նվազ մասնակցություն է լինում ավելի: Մի շարք հատուկ հարցումների տոկոսները գումարելով` Գ. Պողոսյանը համոզվել է, որ երեւանցիները քաղաքական բաղադրիչ չեն տեսնում ընտրություններում, այլՙ հենց տեղական ինքնակառավարման ընտրությունների տարր:

Հիմա գանք երկու օր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած կենտրոնի հարցումներին. երկփուլանի հարցումներից վերջինՙ երկրորդ փուլից 1000 -ի ավելի մարդկանց շրջանում արված հարցումի պատկերով` ընտրություններին մասնակցությունը կլինի 54 տոկոս, մասնակցության առումով տատանվողների զգալի շերտ եւս կա, 36 տոկոսը չի մասնակցելու: Ըստ Ադիբեկյանի` ընտրությունների շեմը կհաղթահարեն հետեւյալ ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւան» դաշինքը եւ ՕԵԿ-ը:

Ցուցակներիի առաջին համարների վարկանիշով, որն ավելի հասկանալի է ընտրողին, Տարոն Մարգարյանի ձայները 32 տոկոս են, մրցակիցներինը` 27 տոկոս, տատանվողների մասնակցության առումով` Տարոն Մարգարյանը 54 տոկոս կստանա, մրցակիցների հանրագումարը կլինի 46 տոկոս: Ըստ Ադիբեկյանի` ընտրությունների անցողիկ շեմը կհաթահարեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ, Երեւանը» եւ ՕԵԿ-ը: Ընտրությանը հաստատ գնացողներից` քվեն ում տալու վերաբերյալ որոշում չունի 15 տոկոսը, որոշում ունի 60 տոկոսը, իսկ չկողմնորոշվածների 25 տոկոսը տարբեր ակնկալիքների դեպքում կգնա ընտրության:

Ճիշտն ասած` քաղաքական փորձառությունը մեզ հուշում է չհամաձայնել ոչ այս երկու տեսակի հարցումների բուն արդյունքների, ոչ քաղաքական ուժերի` ավագանիում հնարավոր ներկայացվածության պատկերին, ոչ էլ միանշանակ է այն, որ քաղաքական տարրը բացառվում է այս ընտրություններին: Ու վստահ ենք, որ այս անգամ եւս ընտրողն անակնկալ է մատուցելու: Սակայն մեր հրապարակման նյութը ոչ թե դա է (այս մասին մեր մոտեցումները եկող շաբաթ կարող ենք հայտնել), այլ` թե որքան են մոտ լինելու մեր սոցիոլոգների կանխատեսումներն իրականությանը: Դա արդեն կտեսնենք մայիսի 6-ին:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930