Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշվեհարդար ՀԱԿ նախկին ակտիվիստի նկատմամբ

Ապրիլ 27,2013 10:17

Դեպքը, որ ուզում ենք ներկայացնել ընթերցողի ուշադրությանը, պատահել է երեկ՝ ՀԱԿ-ի նախկին ակտիվիստ, Աջափնյակի տարածքային կազմակերպության անդամ Արման Առաքելյանի հետ, որ շատերի պես հիասթափվել է ՀԱԿ-ում եւ մասնավորապես ՀԱԿ-ի Աջափնյակի «մասնաճյուղում» արմատացած ամբողջատիրական նկրտումներից, կամաց-կամաց խզել կապերը կոնգրեսի տեղական կառույցի հետ եւ անաղմուկ հեռացել։
Երիտասարդը մոտ մեկ տարի է այլեւս ՀԱԿ-ում չէ եւ քաղաքականությամբ չի զբաղվում՝ որեւէ կուսակցության անդամ չէ։ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «հին ընկերներն» առաջարկել են անդամագրվել նորացված ՀՀՇ-ին, չի համաձայնել, ասել է՝ ոչ։
Ստիպված՝ «աշխատող ձեռքերի» դեֆիցիտը փորձել են լրացնել ընտանիքի մյուս անդամների հաշվին՝ «փոխշահավետ համագործակցության» առաջարկով դիմել են Առաքելյանի երկրորդ կեսին։
«Մոտ 10 օր առաջ ենթաշտաբի պետի կինը՝ Երանուհին, զանգահարում է կնոջս եւ առաջարկում 60 հազար դրամ աշխատավարձ բուկլետներ բաժանելու համար։ Կինս չի համաձայնում՝ պատճառաբանելով, թե ամուսինս որ իմանա, չի թողնի։ Ասում է՝ դու արի, այնպես կանենք՝ չի իմանա»։
Մի խոսքով՝ երիտասարդ կնոջը համոզել են, ամուսինը իմացել է, երկու ոտը դրել մի մաշիկի մեջ եւ ասել՝ դա լինելու բան չէ։ Ու գնացել է Աջափնյակի մասնաճյուղ՝ «գործատուներից» բացատրություն պահանջելու տիկնոջը «գաղտնի գործերի» մեջ ներքաշելու համար։
Սրանք էլ, ՀԱԿ-ում ընդունված ավանդույթների համաձայն, ոչ դես, ոչ դեն, դիմել են «բիլակների» օգնությանը՝ մի քանի հոգով հարձակվել են Ա.Առաքելյանի վրա, ու տո՛ւր թե կտաս։
Բարեբախտաբար մեր հերոսը էժան է պրծել՝ կապտուկներով եւ «առողջության համար ոչ վտանգավոր» մարմնական այլ վնասվածքներով։ Ընդ որում՝ «բիլակավորների» մեջ եղել են ՀԱԿԿ տարածքային շտաբի պետ Պետրոս Գեւորգյանի որդին եւ… ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը։
Փորձելով հետամուտ լինել իր իրավունքներին՝ Առաքելյանը դիմել է կուսակցության «վերադաս ատյաններին», ի դեմս ՀԱԿԿ փոխնախագահ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ պահանջել է «հարցին լուծում տալ»։ Բայց արի ու տես, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սույն «աննկուն» մարտիկը, սեփական ակտիվիստներին կարգի հրավիրելու փոխարեն, փորձել է «ծածկադմփոց անել», թե՝ գնա, մի քանի օր հանգստացի, ապաքինվի, կգաս՝ մի բան կանենք։
Դե, նա էլ, տեսնելով, որ «կոնգրեսական» արդարադատության վրա հույս դնելը անիմաստ է, պատառոտված շորերով հանդերձ ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին եւ բողոք ներկայացրել բռնարարքի հեղինակների դեմ։ Այստեղ նրան լսել են, դատաբժշկի ուղեգիր տվել եւ ուղարկել փորձաքննության։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930