Նա կասկածում է, որ ընդդիմադիր ուժերը բաց են թողնում իշխանության հետ բանակցելու դուռը:
Այսօր դավիթաշենցիների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով է, որ ընդդիմությունն այս ընտրություններին չհամախմբվեց:
Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ միայն ամբիցիանե՞րն էին պատճառը, որ ընդդիմությունը չմիավորվեց: Նա պատասխանեց. «Չէ: Վստահաբար կային այլ պատճառներ էլ: Եթե խոսենք 4 ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի մասին, ապա կային տարբեր պատճառներ: Քաղաքական ինտրիգը այստեղ մի քիչ ավելի հարուստ է: Բայց որոշ դեպքերում իսկապես շատ մոտ էին եւ հնարավորությունն իսկապես ակնհայտ երեւում էր, այստեղ էլ ամբիցիաները դեր խաղացին ցավոք սրտի»:
Մեր հարցին՝ եթե ընտրություններից առաջ ընդդիմությունը չհամախմբվեց, ի՞նչ հավանականություն կա, որ հետընտրական դաշինք կկազմի, ինչպես ՀՅԴ-ն է առաջարկում, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր առաջարկը հետեւյալն է՝ օրինակ, հենց վաղը կամ մոտ ժամանակներս հավաքվեն այդ ուժերը ու հիմիկվանից խոստանան ժողովրդին, որ եթե անցան, անպայման միավորվելու են: Եվ տեսնենք՝ ով է ասում ՝ չէ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բանավոր կամ գրավոր, կապ չունի՞, նա պատասխանեց. «Եթե այդպիսի հայտարարություն արվի, կարծում եմ դա բարոյական առումով բավական է: Թող հայտարարեն ու ասեն՝ այո: Մենք դա ասում ենք բոլոր ելույթներում, բայց ես չեմ լսել, որ ուրիշ ուժեր վստահությամբ դա ասեն, ինչը նշանակում է, որ իրենք բաց են թողնում հավանաբար իշխանության հետ բանակցելու դուռը: Մենք նման ինտրիգների մեջ չենք մասնակցում: Դրա համար էլ բաց ասում ենք՝ ով պետք է Երեւանի մակարդակով իշխանափոխություն իրականացնի, արդեն հիմա կարող են հայտարարել, որ պատրաստակամ են նման միավորման»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ՀՅԴ-ն միայն քարոզարշավներին նման ամբիոնների՞ց է առաջարկ անում ընդդիմադիրներին, թե՞ առաջին դեմքերի մակարդակով եղել է առաջարկ եւ պատասխան դեռ չի հնչել՝ նա պատասխանեց. «Վստահ եմ, որ արվել է առաջարկ: Ես անձամբ չեմ մասնակցել այդ բանակցություններին, դրա համար գիտեմ, որ մերոնք այդ բանն արել են, որ հայտարարում են: Պատահական չի»:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ն կոնսուլտացիաներ են անցկացնում, ինչը հետո հերքել էր իր անունից «Ժառանգությունը»: Մենք Վահան Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝ ՀՅԴ-ն կա՞ այդ կոնսուլտացիաներում, թե՞ ոչ: Նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ շտաբին պետք է դիմել. «Շատ հավանական է, որ նման կա, բայց ավելի մանրամասն տեղեկություն դուք կարող եք ստանալ շտաբից կամ Գերագույն մարմնից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նման պատասխան տալիս է,՝ կուսակցության ղեկավարը: