Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «700 սիրիահայ արդեն գտել են աշխատանք»

Ապրիլ 26,2013 22:48

 

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում այսօր տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը նշեց, որ այսօր Հայաստանում են 3445 սիրիահայ, որից 1237-ը ընտանիքներ են, իսկ 423-ը անհատներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ԶԱԿ` տնօրեն Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց վերջին հինգ ամիսների ընթացքում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի կատարած աշխատանքը «Սիրիահայերին աջակցություն» ծրագրի շրջանակներում: Այն սիրիահայերի համար, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ` նրանց համար սահմանվել են հետևյալ պայմանները`  մինչև 5 միլիոն դրամ վարկեր և ժամկետը մինչև 5 տարի, տարեկան տոկոսադրույքն էլ 4%. «Այսօր արդեն 12 ձեռնարկություններ սկսել են աշխատել, իսկ մնացածը դեռ կազմավորման ընթացքում են»:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտնեց իր պատրաստակամությունն այցելել սիրիահայերի ձեռնարկատիրություններ և տեղում տեսնել նրանց կատարած աշխատանքը և որևիցե խնդիր լինելու դեպքում օգնել:

Նոյեմբեր ամսվանից 515 սիրիահայի հետ աշխատանքներ են տարվել զբաղվածության կենտրոնների կողմից, եւ նրանցից 115-ն արդեն գտել են աշխատանք: Կան մարդիկ էլ, ովքեր ներգրավվում են տարբեր ծրագրերի մեջ, բայց ցածր աշխատավարձերի պատճառով հրաժարվում: Հրանուշ Հակոբյանը հավելեց. «Ընդհանուր առմամբ արդեն 700 հոգի  աշխատանք են գտել: Բոլոր դեպքերում ինչքան շատ ներգրավենք, այնքան նրանք ուզեն թե չուզեն, նաև կհարմարվեն մեր աշխատանքի, աշխատավարձի չափերին և կսկսեն աշխատել»:

Օրակարգի հարցերից մեկն էլ սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն հասարակական կազմակերպության գործունեությունն է: Հրանուշ Հակոբյանը նշեց. «Մենք սիրիահայերին ընդունելու հետ զուգահեռ անմիջապես հասկացանք, որ պետք է ստեղծել ինքնակառավարող մարմին` հասարակական կազմակերպություն, որպեսզի պետական խնդիրները մենք այստեղ նստածներս լուծենք, իսկ ոչ պետական խնդիրները (օգնություն, տարբեր տիպի աջակցություններ, միջազգային կառույցներ, անհատներ, բարերարներ, սնունդ, հագուստ է և այլն) հենց սիրիահայերը որոշեն, թե ովքեր ունեն դրա կարիքը կամ շահառուները՝ ում կարելի է օգնել, դրա համար էլ ստեղծվեց այդ կազմակերպությունը»:

Արմինե Համբարձումյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930