Այսօր Նոր Արեշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն ասաց, որ շատերին դուր չի գալիս, որ ինքը երեւանցու լեզվով է խոսում:
«Ասում են՝ գրական լեզվով չի խոսում: Շատերը մոռանում են՝ այնտեղ, որտեղ իրենք սովորում են, ես դասավանդում եմ: Այնպես չէ, որ գրական խոսքեր չեմ կարողանում օգտագործել: Ես պարզապես խոսում եմ երեւանցու, էրեբունցու լեզվով, որ շատերը հասկանան: Չեմ ամաչում, որ երեւանցի եմ: Մենք էրեբունցիներով այնպես պետք է անենք, որ քաղաքապետը լինի էրեբունցի, մենք անելիքներ ունենք, բացթողումներ, թերություններ կան եւ դրանք վերացնելու ենք միասին…այսօր իմ հանդիպման ժամանակ ասում են՝ բոլորն էլ նույն բանն են ասում՝ ծրագրերը կյանքի կկոչենք: Ասում եմ՝ ասել եմ, սովորել են, լիքը լավ բաներ եմ ասել, թող սովորեն »,- ասաց պարոն Երիցյանը:
Հետո անդրադարձավ իր հասցեին ուղղված «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի դիտարկումներին. «Արդեն հասել ենք նրան, որ մի լավ խոսք կա, ասում են՝ տեղ հասանք: Անահիտ Բախշյանը ասուլիսներից մեկում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի՞, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց եւ բալիկների ձեռքը բռնենք, նկարվենք, այլ ոչ թե երկու տղամարդ ձեռք ձեռքի բռնած նկարվում են, ինձ էլ անուն են դնում: Աստված տա այն չլինի, թե ինչ-որ մենք ենք երեւանցիներով մտածում՝ ինչի համար են ձեռք ձեռքի բռնում »,- ասաց պարոն Երիցյանը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը ձեռք ձեռքի են:
Կարդացեք նաև
Պարոն Երիցյանը նաեւ խոստացավ, որ ընտրվելու դեպքում կառաջարկի համագործակցել բոլոր ուժերի հետ. «Ոչ թե կկանչեմ ինձ մոտ, այլ ես կգնամ իրենց մոտ: Ծանոթանալով բոլորի ծրագրերին, կասեմ, որ պատրաստ եմ բոլոր լավ դրութներն իրականացնել: Մենք երեւանցիներ ենք, ոչ թե՝ թշնամիներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ