«Ես ընդհանրապես Տարոն Մարգարյանից բողոք չունեմ, բայց թարմացումը մեր մայրաքաղաքին կբերի ավելին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Դավիթաշեն համայնքի բնակիչներից մեկը՝ Ռազմիկ Պողոսյանը: Նա եկել էր Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպման:
Մեր հարցին՝ այսօր ինչո՞ւ եք եկել, Վահան Հովհաննիսյանին հարց ունե՞ք, նա պատասխանեց. «Ես Վահան Հովհաննիսյանին իրավունք չունեմ հարց տալու: Որովհետեւ նա այնպիսի մեծություն է, որ… ես նրա հայրենասիրության, նրա նվիրվածության իրենց գաղափարների…Այսօրվա այս տարիքին ես մնացել եմ անտեր-անտիրական ինչի՞ց՝ այս ինքնակոչ ռեժիմից»:
Ռազմիկ Պողոսյանի համոզմամբ՝ մի անձը՝ քաղաքապետը, ոչինչ չի կարող անել, եթե ավագանին չաշխատի: Այս ընտրություններում նա ֆավորիտ է համարում ՀՅԴ-ին. «Մի քանի բան հեռուստատեսությամբ արդեն ընկալել եմ, հարգում եմ ղեկավարությանը՝ որպես հայրենասերներ, որպես մեր պատմական Հայաստանի ներկայացուցիչներ: Երկու տղաներս դրսում են, իսկ ես տեսնում եմ հենց Վահան Հովհաննիսյանի եւ այդ կուսակցության մեջ, որ հենց Երեւանից պիտի սկսենք: Ես ի սրտե նվիրված եմ այդ գաղափարներին, որովհետեւ ես չեմ ուզում իմ հայրենիքը լքել»:
Նա ասաց, որ ոչ մի կուսակցական պատկանելություն չունի, պարզապես ՀՅԴ-ի համակիրներից է:
Կարդացեք նաև
Մեր զորւցակիցը բողոքեց, որ իր տղաները փախել են հայրենիքից, չեն դիմացել: Տղաներից մեկն էլ դասավանդում է Մոսկվայում:
Ըստ նրա` արտագաղթը ծրագրված է այս իշխանությունների կողմից: Մեր հարցին՝ ՀՅԴ-ին կհաջողվի՞ կանխել արտագաղթը՝ Ռազմիկ Պողոսյանը պատասխանեց. «ՀՅԴ-ին ամեն ինչ կհաջողվի՝ սկսած իմ թոշակից մինչեւ ձեր ուսման վարձերը, բնակարանները, ձեր ամուր ընտանիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ