Մամուլից տեղեկացա, որ Հանրային խորհուրդը ապրիլի 25-ին քննարկել է Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու հարցը: Ողջունելի է մասնակիցների մոտեցումը խնդրին, որոշումը, որ ընդունել են, բայց ինձ խիստ անհանգաստացրեց բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի մի արտահայտությունը, որը լրագրողը հաղորդագրության մեջ զետեղել էր ուղղակի. «Արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս 2,1 միլիոն ոչխար պահել, ներկայիս 670,0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման մասին»: Ի՞նչ էր ակնարկում պարոնը, որ կարելի է և պետք է Հայաստանում զարգացնե՞լ ոչխարաբուծությունը, վերստին հասցնել երկու և ավելի միլիոնի՞: Դա՞ է արդյունավետ օգտագործումը, այդ ուղի՞ն է ճիշտ:
Մեղմ ասած՝ զարմացած եմ. ինչու՞ է նրան վստահվել հույժ կարևոր հանձնաժողովի ղեկավարումը: Մի՞թե նա չգիտի, որ Խորհրդային Հայաստանում ոչխարաբուծությունը շարունակաբար եղել է վնասաբեր ճյուղ, որ տուրք տալով պլանային արտադրությանը, 1933-ից, այն է՝ կոլեկտիվացումից սկսած, կուսակցական վերնախավը անիմաստ զարկ տվեց գլխաքանակին, որը յոթանասուն-ութսունականներին հասնելով 2,5 միլիոնի՝ դարձավ պատուհաս մայր բնության, իրենց իսկ գլխին: Կիսասոված անասունների անկումը կանխելու մտահոգությամբ տնտեսությունների ղեկավարներն ամեն ձմեռնամուտի աղերսագրերով հասնում էին Ուկրաինա, Ռուսաստան՝ ծղոտ ներկրելու, իսկ պատճառն այն էր, որ 100 հա հաշվով Հայաստանում ոչխարի քանակը ԽՍՀՄ միջինին գերազանցում էր 26 , Բալթյան երկրներին՝ 28, Վրաստանին՝ 3, Ադրբեջանին՝ 2անգամ: Եվ, որպես հետևանք, եթե Էստոնիան 1978-ին գրեթե մեր ունեցածի չափ խոշոր եղջերավորից ստանում էր 258 հազար տոննա միս, 1 միլիոն 150 հազար տոննա կաթ, ապա Հայաստանը՝ 91 հազար տոննա միս, 275 հազար տոննա կաթ: Նման արդյունք նրանք ապահովում էին, որովհետև ընդամենը 152 հազար գլուխ ոչխար ունեին և կերի պաշարները զուր չէին վատնում: Մնացյալ մանրամասները` «Գարուն» ամսագրի 1979-ի հունվարյան համարում, Պ. Գևորգյան, «Ինչու՞ են բերրի հողերը դառնում անապատ»:
Գիտե՞ք Էստոնիան հիմա որքան ոչխար է պահում: Չծիծաղեք, 2004-ի տվյալներով՝ ընդամենը 44 հազար 500 գլուխ: Անգամ խոշորի գլխաքանակն են եռակի կրճատել,, սակայն կաթնատվության բարձրացման հաշվին մեկ շնչի հաշվով ապահովում են 514 կգ կաթ, մինչդեռ Հայաստանում 184 կգ է, մեկ կովի կաթնատվությունը նրանց մոտ անցնում է 5 հազարից, մերը 2035 կգ է: Անհասկանալի է, իշխանությունն ինչու՞ է համառորեն ուզում զարկ տալ ոչխարաբուծությանը, ի՞նչ է այն տալու մեզ վնասից բացի: Չէ՞ որ թվեր կան, անժխտելի փաստարկներ. մանր եղջերավորից ստացվում է համաշխարհային մսի հազիվ 4,2, /5 միլիոն 281 հազար տոննա/, կաթի ընդամենը 1,6 տոկոսը /7միլիոն 687 հազար տոննա/, ավելի պատկերավոր՝ շնչի հաշվով 1 կգ գրամ 29 0 գրամմիս և 1 կգ 700 գրամ կաթ: Հետևություն արեք՝ իմաստ ունի՞ գլխաքանակ ավելացնելը, հարկ կա՞ հետևել հետամնաց, սովորույթի ուժին գերի երկրներին, որոնք մատնվել են սովի, թշվառության ճիրաններում են: Ինչու՞ ենք կամենում նմանվել Պակիստանին, Բանգլադեշին, Իրանին, Սուդանին, Սոմալիին, Ալժիրին, էլի շատերին, որոնք ավերակել են իրենց բնակատեղիներն այդ չարագույժ չորքոտանիների պատճառով: Ինչու՞ մեզ համար օրինակ չլինի լեռնային Շվեյցարիան՝ եվրոպական դրախտը, որն ընդամենը 200 հազար ոչխար ունի, բայց տարեկան 4 միլիոն տոննա կաթ, 80 հազար տոննա պանիր, 35 հազար տոննա յուղ է արտադրում՝ ի հաշիվ կաթնա-մսատու տոհմային խոշորի: Ինչու՞ են Ռուսաստանը, Թուրքիան, Ղազախստանը կտրուկ կրճատել մանրի գլխաքանակը – որովհետև հասկացել են որտեղ է թաղված օձի ու շան գլուխը: Բրդի համա՞ր ենք պահում, բայց աշխարհում վերջինիս պահանջարկը վաղու~ց ընկել է, հայաստանյանն ընդհանրապես չի ունեցել և չունի այն որակը, որ շուկա դուրս գա: Եթե պահանջարկ լիներ, Ավստրալիան 45 միլիոնվ կկրճատե՞ր գլխաքանակը,, նույնը՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Արգենտինան:
Ի վերջո, նորմաներ գոյություն ունեն, սահմանային չափ կա: Եվրոմիության երկրներում 1 խոշորին միջինը 2 հա արոտավայր է հասնում: Մեզ մոտ որքա՞ն է խոշորի քանակը՝ 600 հազար: Եթե նկատի առնենք, որ մեր մեկ միլիոն հա արոտների կեսից ավելին էրոզացված է՝ աղքատիկ բուսածածկով, մանավանդ գյուղամերձը, որը 390,0 հազար հա է, ի՞նչ կմնա տակը: Մեկ տավարին գոնե 1 հա չհասնի՞: Սյունիքի մարզում 2012-ի տվյալներով առկա է 52,5 հազար խոշոր, 86,3 հազար գլուխ մանր: Ընդամենը 100 հազար հա արոտ ունեցող լեռնաշխարհն էլ ինչպես՞ և ինչու՞ կերակրի օտարի անասունին, նրանց հովիվներին ու բազմանդամ ընտանիքներին: Որպես ի՞նչ, որ եղածն ավելի՞ ուժազրկեն, լերկանա՞ն առանց այդ էլ լերկ լանջերը, քարակալե՞ն բլուրները, ցամաքե՞ն աղբյուրները, առուները, հեռանա՞ վերջին վայրի կենդանին… Այդ ո՞վ է հորինել, ինչորակ գիտնականի մտքի արդյունքն է, թե «արոտները չարածեցնելիս են փչանում», տխմարություն, որ մեկ մարզպետի շուրթերից ես լսում, մեկ գյուղոլորտի այսուայն պատասխանատուի: Եթե ֆիլմերին, լուսանկարներին չեք վստահում, այդ կերպ դատող փողատերեր, գիտեմ՝ ի վիճակի եք, գնացեք Շվեյցարիա և տեսեք, թե ինչպես են պահում-փայփայում իրենց լեռները, ի~նչ գուրգուրանքով… Իսկ դուք… Վաղը, վստահ եմ, եթե ԻԻՀ-ի հետ գործարքը գլուխ գա, վրա կտան Վրաստանը, արաբական երկրները, հետո հերթը կհասնի Թուրքիային, առժամանակ անց՝ Ադրբեջանին…
Կարդացեք նաև
Ու՞մ եք հանձնում երկիրը և ինչու՞, պետության առաջին դեմքն իրավունք ունի՞ նախընտրական քարոզի փուլում ժողովականների առաջ և ի լուր համայնի բարձրաձայնելու. «Եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություններ ունենք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ վեր կենանք գնանք այնտեղ ապրենք: Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջինը մտածենք: Կենսական»: Մտածեք: Դատարկեք առանց այդ էլ դատարկ գյուղերը, վարձակալությամբ հողը տվեք օտարին և կառուցեք ձեր «ապահով» Հայաստանը: Տեսագրությունը դիտեք, տեսեք, թե ի~նչ լրջությամբ, խոհեմ հայացքներով են նստածները՝ մտավորական ու կուսակցական «վերնախավն» ունկնդրում իրենց առաջնորդի մտքի ելևէջները: Եվ դեռ ծափ են տալիս, երբ առաջարկում է սակավաբնակ գյուղերի՝ իրենց տուն ու տեղին կառչած շինականներին փոխադրվել հարևան շեն բնակավայրերը և ուղղակի ասում՝ դատարկվող գյուղերի հաշվով պրոբլեմ չեմ տեսնում, այ, երբ հնարավորություն կուենանք… Բայց ե՞րբ: Մինչև հայ չմնա՞, ու օտարը վերստին բնավորվի՞, ինչպես եղավ անցյալում, երբ լքելով լեռները, մեր նախորդները լցվեցին «ապահով» Կոստանդնապոլիս, Բաքու, Թիֆլիս, այլ մեծ ու փոքր դաշտային շեներ…
Հետգրություն: Օրերս գրչակիցներիցս մեկի ԷՐԳԻՐ տեսաֆիլմը դիտեցի: Նաև Սասունում էին եղել: Վերստին ապրածս Ցավին գումարվեց էլի մեկը՝ կորսված բնավայրերի խղճալի վիճակը: Ջոջանց տան աշխարհը որբի մկրատած գլուխ հիշեցրեց. Տեղ-տեղ ընկուզենիներ, թփուտներ և… հողմահար, հողազուրկ լանջեր, ոտնահար արահետներ, ինչն արդյունք է տիրոջ իրավունքը հեշտ վաստակած, այդ իսկ պատճառով սնուցող հողին խնամքով, փաղաքշանքով, սրտի դողով չմոտեցող քրդերի բազմահազար հոտերի…
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
արձակագիր
Շատ ճիշտ եք, խելացի և սրտացավ դիտողության համար շնորհակալություն, ամեն գնով պետք է դիմակայել այդ տգետ և ապազգային գորշարքին…
Պարոն Ջավադյանը թյուրիմացության մեջ է գցել քննարկման մասնակիցներին՝ ասելով, թե խոշորի քանակը եռակի պակասել է: ՀՀ-ն 1928-ին ուներ 804, 1977-ին՝ 750,1989-ին՝ 690, հիմա՝ 600 հազար խոշոր: Պիտի նկատի ունենալ,, որ քսանականներին դեռ որպես լծկան օգտագործվում էին եզները: Ուրեմն՝ խնդիրը ոչ թե տավարի գլխաքանակն ավելացնելն է, ինչը ևս հեռանկարային չէ, այլ նախրի որակական կազմի բարելավումը, այն է՝ տոհմային կաթնատու կովեր ունենալը, ինչպես վարվում են արևմտյան երկրները:
Համակարծիք եմ Արամի ու Աշխենի հետ… Արամ ջան, մեծ ցավով եմ կարդում վերջին տարիների այս թեմայով քո հրապարակումները ու կրկնակի ցավ եմ ապրում, որ լսող չկա… Մարտնչող տգիտությունը բռնազավթել է իշխանությունը, սեփական գրպանների խնդիրները լուծելուց զատ այլ բանի մասին չեն մտածում, որ երկիր ու ժողովուրդ ենք կորցնում այսօր… դրանք անդառնալի կորուստներ են, որ 50-100 տարում չենք վերականգնի…