Լրահոս
Օրվա լրահոսը

Գրախոսականի մրցույթի հաղթող. «Թող ոչ մի երեխա չհասկացված չլինի» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 26,2013 21:13

DCIM105MEDIADCIM105MEDIADCIM105MEDIADCIM105MEDIA«Բյուրոկրատ» գրախանութում այսօր տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան, փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության եւ Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարված գրախոսականի մրցույթի մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն:

«Մրցույթի նպատակն է` խրախուսել եւ աջակցել քննադատ-արվեստագետի մտածողության զարգացմանը: Ոլորտը կարիք ունի զարգացման: Ոգեշնչող է, որ մենք ունենք այնպիսի կադրեր, որոնց հետ արժե աշխատել եւ որոնց զարգացման համար ներդրում կատարելն օգտակար է հասարակությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Նա հայտնեց, որ այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, ինչը Հայաստանի նման փոքր երկրի պարագայում մեծ թիվ է:

Մրցույթի հատուկ մրցանակակիրներն են Արփի Ոսկանյանը եւ Արթուր Վարդիկյանը, իսկ առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով պարգեւատրվեց Apple iPad 4-ով: Գոհար Հակոբյանը ներկայացրել էր Անդրեա Արնոլդի «Ակվարիում» ֆիլմի գրախոսականը: «Ֆիլմը չհասկացված դեռահասի մասին է: Կուզենամ, որ  աշխարհում ոչ մի երեխա չհասկացված չլինի»,-ասաց Գոհար Հակոբյանը, ապա հավելեց, որ բրիտանական մշակույթն իր «թուլությունն» է, լինի ֆիլմ, թատրոն, թե գրականություն. «Ֆիլմը ոչ միայն արվեստի տեսակ է, այլեւ  մեր կյանքի յուրատեսակ արտացոլումը»:

Մրցանակները շնորհեց Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը: «Սովորաբար, ֆիլմերին որպես արվեստի գործ նայելու մտայնություն կա: Իհարկե, արվեստն ինքնին կարեւոր է, բայց իրականում ֆիլմարտադրությունը եւ, առհասարակ,  ստեղծագործական արվեստը տնտեսության կարեւոր մասն են կազմում: Դա լուրջ բիզնես է, որը կարող է երկրի տնտեսությանը մեծ օգուտ բերել,-ասաց նա, ապա հավելեց,-Մեծ Բրիտանիայի կառավարությունը ջանքեր է գործադրում աջակցել կրեատիվ ինդուստրային: Կրեատիվ արդյունաբերությունը ոչ միայն դժվար, այլեւ հաճելի աշխատանք է: Եթե բրիտանացիները եւ հայերը դա կարողանան համատեղ իրականացնել, հոյակապ կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930