ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։
Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկները կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նշեց, որ այս միջոցառումը կոչված է համախմբելու երիտասարդությանը։ «Այս ծաղկահավաքով եւս մեկ անգամ մենք մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս միջոցառումը երիտասարդության շրջանում սերմանում է նաև սեր բնության նկատմամբ։ Այն սովորեցնում է լինել հոգատար մեր շրջապատի, բնության ամեն մի մասնիկի հանդեպ»,- ասաց Արմինե Բարսեղյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն