Բնապահպանները թքել են «Դինո գոլդ մայնինգ քամփընիի» տնօրենի վրա :
Էլեկտրաշոկ օգտագործելու գաղափար, հնարավոր է, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնիում» եղել է, բայց նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալետայի օրոք: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց ընկերության ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նրա ներկայացմամբ՝ կան խոսակցություններ, որ Ֆալետային պահակային ծառայության ղեկավարն առաջարկել է էլեկտրաշոկ կիրառել «Դինո գոլդ» ընկերություն ներխուժող հարբածների ու գողերի նկատմամբ. «Ինքը մտածել է, բայց էլեկտրաշոկ սարքը ձեռք չի բերել»:
Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը անցյալ տարի ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդական գրասենյակում հայտարարել էր, որ «Դինո գոլդ մայնինգում» էլեկտրաշոկ են կիրառում աշխատակիցների վրա, որպեսզի 24 ժամ աշխատեն: Հանքարդյունաբերական ընկերությունն էլ դիմել է դատարան` հերքումի պահանջով, դատական գործընթացը դեռեւս չի ավարտվել:Իսկ ընկերության տնօրենն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մինչ դատարան դիմելը Եղիա Ներսիսյանի հետ ընկերության իրավաբանները հանդիպել են, բնապահպանը խոստացել էր փաստեր ներկայացնել, սակայն չներկայացնելուց հետո միայն «Դինո գոլդը» դիմել է դատարան:
«Ես պարոն Եղիա Ներսիսյանին անձնապես ծանոթ չեմ , բայց իր եւ իր ընկերների աշխատանքը ողջունում եմ: Քաջատեղյակ եմ իրենց աշխատանքից Մաշտոցի պուրակի պահով, Թռչկանի, Խոսրովի անտառի պահով: Ես կարծում եմ, որ իրենք լավ աշխատանք կտանեն ընդհանրապես, բայց այդ աշխատանքը պետք է լինի արդար: Միակ թափանցիկ աշխատող հանքարդյունաբերական ընկերությունը թիրախ դարձնելով , մենք այսօր ոչ մի բան չենք կարող շահել Հայաստանում»,-այսպիսի կարծիք հայտնեց ընկերության գլխավոր տնօրենը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ե’ւ գովում եք Եղիա Ներսիյանին ե’ւ մեղադրում, պարոն Ջաբրայանն ասաց, որ այո’, բնապահպանները խնդիր են բարձրացնում, բայց բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին նույն աչքով չպիտի նայել. «Այսօր կան հանքեր, որտեղ աշխատողին ոչ ակնոց են տալիս, ոչ կոշիկ են տալիս, ոչ` «կասկա»: Այս պրոբլեմը կա Հայաստանում, կույր չպիտի լինենք, ես դրա համար ասում եմ` այ այս խնդիրները բարձրացնում են, լավ գործ են անում, բայց թող գան մեր ընկերություն, տեսնեն ամեն ինչ իրենց աչքով»:
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությանն ուղղված բնապահպանների մյուս մեղադրանքին էլ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրչյանը Հրաչ Ջաբրայանին կանչել է եւ ստիպել է իջեցնել 200 հազար աշխատավարձերը մինչեւ 70 հազար դրամի, ընկերության տնօրենը հերքեց. «Սյունիքի մարզպետը բացարձակապես որեւէ ազդեցություն չի կարող ունենալ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» վրա, այդ մեկը հստակ է՝ ես էլ, ինքն էլ գիտենք, պետք եղածը իրեն էլ ասել եմ: Ես թույլ չեմ տա որեւէ մեկի աշխատավարձը իջեցնել: Թող Եղիա Ներսիսյանը փաստաթուղթ ցույց տա, որ 70 հազար ենք դարձրել աշխատավարձը»:
Ասուլիսի ժամանակ բնապահպան ակտիվիստ Լեւոն Գալստյանն էլ փորձեց մի քանի հարցեր տալ ընլերության տնօրենին. սակայն պարոն Ջաբրայանն ասաց, որ ինքը չի պատրաստվում պատասխանել այն անձանց, ովքեր իրեն վիրավորել են եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել: Լեւոն Գալստյանն էլ հերքեց, որ երբեւէ վիրավորական բան է ասելկամ գրել պարոն Ջաբրայանի հասցեին:
Մեր այն հարցին, թե ինչ վիրավորանքներ են հնչեցրել իր հասցեին, պարոն Ջաբրայանն ասաց, որ դատարանի առջեւ բնապահպան ակտիվիստները անգամ թքել են իր վրա, բացի այս,մեղադրել են, որ ինքն ու իր երեխաները թունավորում են բնությունը, որ ինքը հայրենասեր չէ, անգամ ծաղրել են պարոն Ջաբրայանի` իր կուսակից ընկեր, վերջերս սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության ներկա գտնվելու փաստը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ