ՀՅԴ-ի քարոզարշավը՝ Դավիթաշենում:
«Ինչքան ինձ հայտնի է, Դավիթաշենի ամենալուրջ պրոբլեմը տրանսպորտն է»,- այսօր Դավիթաշենի 189 դպրոցի դահլիճում ընտրողների հետ նախընտրական հանդիպմանը ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ինքը բնիկ երեւանցի է. «Ես էլ եմ Երեւանում ծնվել, իմ ծնողներն էլ, նրանցից առաջ էլ: Այն վիճակում, ինչ գտնվում է մեր քաղաքը, ուղղակի ողբերգական է: Ես ուզում եմ մտքի թռիչք ինձ թույլ տալ: Երեւանը աշխարհագրական իր չափերով մոտավորապես Փարիզի չափ է: Խոսքը բուն Փարիզի մասին է, ոչ թե արվարձանների: Փարիզում ամեն ինչ կանաչ է, 20-րդ հարկ ջուր հասնում է, բոլորը կարողանում են լողանալ, լվացք անել: Երեւան մտնում է մի քանի անգամ ավելի ջուր, բնակչությունը այդքան է, բայց ջուրը չի հերիքում: Սխալ տնտեսվարելու հարց է սա ընդամենը: Ջուրը, որ կարող էր մեր հիմնական հարստությունը լինել, պազապես մսխվում է Երեւանում՝ ստեղծելով Երեւանի համար վտանգավոր երկրաբանական իրավիճակ»:
Նա նշեց, որ քաղաքապետի պաշտոնը ընտրովի դառնալուց հետո թվում էր, թե քաղաքում կիրականացվի ճիշտ տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն, այն, ինչի իրավունքն ունի քաղաքապետն անելու: Սակայն դա տեղի չունեցավ. «Ինչո՞ւ: Քաղաքապետե՞րն էին վատ տղերք, ավագանիո՞ւմ էին վատ տղերք: Ոնց որ ԱԺ-ում են բերում իրանց ոնց որ բեռ ու լցնում, այդպես էլ անում են քաղաքի մակարդակով: Կախված է վերեւից: Վերեւը՝ ՀՀԿ-ն ինքն է որոշում եւ փաթաթում իրենց որոշումը ձեր վզին»:
Կարդացեք նաև
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ցավոք, ընդդիմությունը ընտրություններից առաջ ինչ-որ ամբիցիաների պատճառով չհամախմբվեց, բայց ելք կա, եւ պետք է ամեն ինչ անեն, որ ավագանիում ընդդիմությունը լինի մեծամասնություն:
Բյուջեին անդրադառնալով՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Թիֆլիսը Երեւանից շատ մեծ չէ, բայց բյուջեն 3-4 անգամ ավելի մեծ է. «Այն ժամանակներից, երբ քաղաքապետ էր այնտեղ Սահակաշվիլին, դրվեցին նորմալ կանոններ»:
Նա մարդկանց ուշադրությունը հրավիրեց, թե Դավիթաշենում ով է հաղթում մշտապես տենդերները: Ըստ նրա, հաղթում են միշտ նույն մարդիկ, որոնք կամ ՀՀԿ-ից են, կամ ՀՀԿ-ի հենարանն են. «Մի հարց կա, որը Դավիթաշենի համար ցավոտ է: Այս ռայոնը ինքնուրույն դիմագիծ ունի, չի կառուցվել՝ որպես միայն քնելու տեղ: Այստեղ բավական բարձր է մտավորականության տոկոսը: Նկատել եք երեւի թե, որ տարբեր օլիմպիադաներում եթե ոչ առաջին, ապա երկրորդ կամ երրորդ տեղը Դավիթաշենինն է: Սա նշանակում է, որ այստեղ ապրում է մտավորական, կուլտուրական ժողովուրդ: Այստեղ կարող էր շատ ավելի մաքուր ու կանաչապատ լիներ: Ենթակառուցվածքնեը պետք է նորմալ աշխատեին: Ես չեմ էլ իմանում, թե ով է հիմա այստեղ թաղապետը: Մայիսի 5-ին է որոշվելու, թե ով է լինելու նաեւ ձեր թաղապետը: Եթե լավ թաղապետ է՝ կաշխատի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ասում էք ամբիցիաներ…հարգելիս ամբիցիաները Ձեր կուսակցությունն է դրսևորում,ու սխալները չուղղելու համառությունը և՛ս,Ձեր կուսակցությունն է առաջ տանում:Բավականին շեղված է ՀՅԴ-ն իր սկզբնական ուղղվածությունից,դա ընկալելի է,տեսանելի է,էլ ինչպես ասել՝ հարազա՛տ,անցյալին նայելո՛վ առաջացեք: