«Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ ինչի՞ պիտի ՀՅԴ-ին ձայն տանք: Շատ պարզ պատճառով, որովհետեւ մնացած բոլորից հիասթափվել եք արդեն»,- այսօր Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ մարդիկ ՀՅԴ-ին չեն փորձել. «Մեզ դուք պարզապես չեք փորձել: Մեզ դուք երբեք հնարավորություն չեք տվել աշխատել մեր ողջ հնարավորությունների չափով: Հասկանում եմ, ընտրություններ են, բոլորը նույնն են ասում: Բոլորն ասում են այն, ինչ մենք ասում էինք հարյուր տարի առաջ: Ինչպե՞ս որոշել՝ ո՞վ կանի: Կարո՞ղ եք ասել՝ ո՞ւմ փորձեցիք, որ կատարեց իր խոստումը: Այն քաղաքական ուժը, որ այսօր կանգնած է իշխանության գլուխ, ստեղծել է մի իրավիճակ, որ ոչ մի պետական պաշտոնյա չի զբաղված իր պարտականությունները կատարելով, դրա համար էլ չեն կատարում իրենց տված խոստումները: Խոստումները վերաբերում են միայն ընտրությունների փուլին»:
Նա հարցրեց, թե հավաքվածներից ո՞վ գիտի այսօրվա ավագանու անդամներին. «Խայտառակություն է, ոչ ոք չգիտի այսօրվա ավագանուն: Մաշտոցի այգում, պիտի նախագահը գա, թագավորական անցնի, ասի՝ Տարոն, սիրուն չի, որ քանդվեն: Բա ո՞ւր էր ավագանին: Քաղաքապետը ումից էլ լինի, պարտավոր է լսել ձեզ, որովհետեւ ձեր տեսակետն է ներկայացնում: Եթե ավագանին բերանները ջուր առած մի անգամ չի ասում՝ ինչո՞ւ եք ծառը կտրում, ինչո՞ւ լիֆտերը չեն աշխատում, ինչո՞ւ են լիֆտերում մարդիկ մեռնում: Ավագանին մի անգամ բաձրացրե՞լ է էս հարցերը: Կարծում եմ՝ ոչ: Եթե ուզում եք այդ լուռումունջ ավագանուն, ուրեմն գնացեք եւ ընտրեք ՀՀԿ-ին»:
Հավաքվածներին հնարավորություն տվեցին հարցեր ուղղել Վահան Հովհաննիսյանին: Հարց չկար, եւ Վահան Հովհաննիսյանը եզրակացրեց՝ 2 դեպքում է դա հնարավոր՝ կա՛մ ես ձեզ համոզեցի, թե մայիսի 5-ին ինչ անեք, կամ ձեզ համոզել են, հիասթափեցրել են, ասել են՝ այ ախպեր ջան, դե ի՜նչ ընտրություն, ինչ բան: Ոմանց ժպիտներից հասկացա, որ հենց այդպես էլ եղել է: Եթե էդպես եք կարծում, նորմալ երկիր չենք ունենալու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ