Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Նստաշրջանի օրակարգում՝ կրթության կառավարմանը եւ որակին վերաբերվող հարցեր են: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ընդգծվել է այն կարեւորությունը, որը Եվրոպայի Խորհրդի կողմից տրվում է կրթական ոլորտի նախագծերին: Կարեւորվել է այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհրդի նախագահության ընթացքում Հայաստանը նույնպես իր առաջնահերթությունների մեջ է դիտարկում կրթական ծրագրերը, եւ Հայաստանի նախագահության ընթացքում շարունակական են լինելու արդեն մեկնարկած նախագծերը:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում Հայաստանը նոր գաղափարներ է առաջարկելու:
Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Անդորրայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի Սաքսոն-Օհայ նահանգի կրթության նախարարների հետ: Հանդիպումների շրջանակներում հայկական կողմը մի շարք առաջարկներ է ներկայացրել համաժողովի վերջնական փաստաթղթում ընդգրկելու համար, որոնք վերաբերվում են կրթության իրավունքի իրագործմանը բոլոր մարդկանց համար, ներառյալ նրանց, ովքեր բնակվում են Եվրոպայի Խորհրդի անդամ չհանդիսացող, չճանաչված պետություններում, կամ վիճարկելի տարածքներում: Առաջարկները կքննարկվեն երեկոյան նիստում:
Կարդացեք նաև
«Քանի որ կրթությունը մարդու իրավունքն է, այն ենթակա է իրականացման, անկախ քաղաքական, ռասսայական եւ այլ խտրականություններից: Մենք շեշտադրում ենք այս մոտեցումը, եւ մեր առաջարկություններն այս համատեքստում են: Վերջնական փաստաթուղթը կընդունվի վաղը, այժմ աշխատում ենք մեր առաջարկությունների խմբագրումների վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեսյբուքյան էջից: