Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան էին ներկայացել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրիյանը եւ մատուցող Մանուկ Մնացականյանը: Անցյալ տարվա հունիսի 17-ին,երբ ծեծի էր ենթարկվել եւ մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը եւ եւս 4 տուժողների նկատմամբ բռնություններ էին տեղի ունեցել, աշխատել էին թե մենեջերը եւ թե մատուցողը:
Մենեջերն ասաց, որ իրեն մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը հայտնել է, որ երգիչներից մեկը սեղան է պատվիրել՝ միրգ եւ օղի, եւ ժամը 22-ի մոտ այցելել են հաճախորդները: Հետագայում իրեն են մոտեցել այդ սեղանից հաճախորդներ, որոնք ասել են, թե կողքի սեղանից լսվում են հայհոյանքներ: Նա մի անգամ մոտեցել է Վահե Ավետյանի եւ նրա ընկերների կողմից պատվիրված սեղանին, ուր այդ պահին երկու հոգի են եղել, այնտեղ էլ իմացել է, որ կոնֆլիկտը հաճախորդի համազգեստի հետ է կապված, որը գնացել է փոխվի եւ գա: Այդ ժամանակ էլ նա հրահանգել է, որպեսզի Դավիթ Ադամյանը (հայտնի է Ալիկ անունով) չսպասարկի այդ սեղանը:
Ի դեպ, այդ մասին հաստատեց հաջորդ վկան՝ մատուցող Մանուկ Մնացականյանը, որն ասաց, որ ինքը սպասարկել է 30 հոգանոց մի սեղան եւ որ իրեն մենեջերը հետագայում ասել է, որ սպասարկի նաեւ կողքի սեղանը: Նա միայն հասցրել է օղի տանել, քանի որ «նոր» հաճախորդները նորից պահանջել են նախկին մատուցողին: Այս վկան լսել էր միայն Վահեի այն խոսքերը, որ երբ Ալիկը համազգեստի հետ կապված դիտողություն էր արել, Վահեն ասել էր. «Ուզում ես՝ շալվարս հանեմ, շորտիկով նստեմ»:
Վկան նաեւ հիշում էր, որ էդ տղան» (Վահեն) գնաց ջինս հագավ եւ այդ ժամանակ էլ Ալիկին հարցրել էր. «Գլխարկս դուրդ գալի՞ս է, ձեռ եմ առնում»: Այս վկան այլ բան չէր հիշում, բացի Վահե Ավետյանի խոսքերից: Նա չէր հիշում, թե ինչ էր պատասխանել Դավիթ Ադամյանը, թե ինչ էին խոսում սեղանակիցները: Դա էր հավանաբար պատճառը, որ դատախազ Արթուր Դավթյանը հարցրեց. «Ինչպե՞ս է, որ ուրիշ ոչ մի բան չես հիշում, հիշում ես էդ տղայի խոսքերը միայն»:
Կարդացեք նաև
Ի դեպ, այս վկան չուներ ոչ անձնագիր, ոչ ծննդյան վկայական, իսկ այն հարցին, թե քննիչի մոտ ի՞նչ փաստաթուղթ է ներկայացրել, պատասխանեց՝ «ոչ մի փաստաթուղթ»:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը պահանջեց «ինքնության նույնականացում», այն էլ հեռախոսի միջոցով: Հարցրեցին, թե ինչ հեռախոսահամար է օգտագործել դեպքի օրը, նա ասաց՝ այն հեռախոսահամարը, որը նախաքննության ժամանակ արձանագրվել է:
Ի դեպ, այսօր դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 13-ին դատարան է մուտքագրվել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ իր պաշտպանյալից քաղաքացիական գործարքի մասնակցելու մասին: Սակայն սրան առարկեց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ասելով, որ պատրաստվում է քաղհայցի հետ կապված որոշակի դիրքորոշում արտահայտել: Այսօր դատական նիստի առաջին կեսին մասնակցում էին բնապահպան ակտիվիստները:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 7-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ